Հայաստանի դպրոցականներն առցանց հանդիպեցին տիեզերքում գտնվող չին տիեզերագնացներին, ծանոթացան նրանց առօրյա կյանքին
Հայաստանի մի խումբ դպրոցականներ ապրիլի 20-ին հնարավորություն ունեցան առցանց հանդիպել «Շենչժու-15» անձնակազմի ներկայացուցիչներին և տվյալ պահին տիեզերանավում գտնվող չին տիեզերագնացներին՝ ծանոթանալով նրանց առօրյա կյանքին: Հանդիպմանը մասնակցեցին երեք դպրոցի 8-10-րդ դասարանի աշակերտներ:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը նշեց՝ Հայաստանում առաջին անգամ են նման միջոցառում կազմակերպում: Նրա համոզմամբ՝ սա շատ լավ առիթ է հայ երիտասարդներին տիեզերական ոլորտում Չինաստանի ունեցած ձեռքբերումներին ծանոթացնելու և գիտելիքներ փոխանցելու համար:
«Քանի որ Հայաստանը և Չինաստանը շատ լավ գործընկերներ և ընկերներ են, մենք փորձում ենք Հայաստանի հետ կիսվել մեր երկրի զարգացման փորձով: Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է հայ երիտասարդների մոտ տիեզերագնացության ոլորտում հետարքրքրություն առաջացնելու համար, ինչը, ապագայում, կզարգացնի երկիրը: Չինաստանի զարգացման ճանապարհին տիեզերագիտության ոլորտի զարգացումը մեծ դեր է խաղացել»,-ընդգծեց դեսպանը:
Նմանօրինակ հանդիպումները կնպաստեն հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ համոզված է Չինաստանի դեսպանը:
«Կարծում եմ՝ այս ոլորտի գիտելիքները Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ Հայաստանը նույնպես տիեզերք է արձակել արհեստական արբանյակ: Ես շատ ուրախ կլինեմ, որ այսօր հայ երիտասարդները տեսնեն տիեզերագնացների կյանքը տիեզերանավում, կարծում եմ շատ հետարքիր կլինի»,- եզրափակեց Ֆան Յոնգը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով երեխաների մասնակցությունը նմանատիպ երկխոսությանն, ասաց, որ միջոցառումը հայ-չինական բարեկամության նշան է:
«Այս երկխոսությանը մասնակցում է շուրջ 60 երեխա: Ես համոզված եմ, որ իրենց համար սա մասնագիտական կողմնորոշման շատ լավ առիթ կլինի: Սա հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց մտահորիզոնը»,- նշեց Մարտիրոսյանը:
Առցանց հանդիպմանը տեսակապով միացել էին Շանհայի համագործակցության կազմակերպության 14 երկրի դպրոցականներ: