«Խոստումները կատարում է մեր երկրի հաշվին՝ մեզ տեղյակ չպահելով. Սա ծանրագույն հանցագործություն է». Ստեփան Դանիելյան
Մինչ Հայաստանի բարձր ամբիոններից Նիկոլ Փաշինյանը վերահաստատում էր 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին իր սկզբունքը և հանրությանը համոզում, թե խաղաղությունն ու զարգացումը հնարավոր է միայն դա արձանագրելուց հետո, Իլհամ Ալիևը Բաքվում Հայաստանի ղեկավարին հորդորում էր խմբագրել նախկին հայտարարությունը՝ նոր ձևակերպմամբ. «Ղարաբաղը Ադրբեջան է»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ Փաշինյանի ու Ալիևի այս և այլ սինքրոն հայտարարությունները փոխհամաձայնեցված են:
«Ադբեջանի նախագահը միշտ հայտարարում է, որ կան պայմանավորվածություններ, և որ իրենք ուժով են կատարում այդ պայմանավորվածությունները, քանի որ ՀՀ վաչապետը չի կատարում իր խոստումները:
Այժմ, երևի, որոշել է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Զ.Դ.) խոստումները կատարել և այդ խոստումները կատարում է մեր երկրի հաշվին՝ մեզ տեղյակ չպահելով: Սա ծանրագույն հանցագործություն է, ընդհուպ՝ պետական դավաճանություն, և պետք է ունենա հետևանքներ»,- նկատեց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացի մասին Փաշինյանի հայտարարությանը, թե՝ իր սխալն այն է, որ ժամանակին չի ասել՝ ժողովուրդ, մենք հասել ենք այս կետին, և, որ իրեն պետք է մեղադրել միայն նրա մեջ, որ չի ասել, թե «խաղը պրծած խաղ է», քաղաքագետը նկատեց՝ սխալների համար կրում են պատասխանատվություն:
«Սխալի դեպքում, եթե նման ճակատագրական խնդիրներ են, հրաժարական են տալիս և ասում են՝ ես սխալվել եմ. թող գա նոր իշխանություն, և ոչ թե՝ սխալվում են ու անցնում են առաջ: Սխալի համար պատիժ են կրում,- նշեց Ստեփան Դանիելյանը, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, թե, ըստ Փաշինյանի հայտարարության, այդ «սխալներին» մասնակից են դարձել նաև Արցախի իշխանությունները, հավելեց,- Արցախի իշխանությունները պատասխանատու են Արցախի ժողովրդի առաջ, ինքը պատասխանատու է իր սխալների համար. թե ում հետ ինչ է խոսել, ինչ են ներշնչել, համոզել իրեն՝ այլ հարց է:
Արցախի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել, Արցախի ժողովուրդն իր իշխանությունների հետ հարաբերությունները կպարզի, ինքը ՀՀ ժողովրդի հետ իր հարաբերությունները պետք է պարզի»:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում Փաշինյանը պնդեց, որ բանակցային ամբողջ գործընթացի մասին ԼՂ իշխանությունները տեղյակ են եղել, բանակցային բոլոր փաթեթները փոխանցել է նրանց։