
Սուդանում հրադադարի ուժի մեջ մտնելուց քիչ անց բախումները վերսկսվել են, կան զոհեր

Անցած օրվա ընթացքում Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև բախումների զոհ է դարձել 30 խաղաղ բնակիչ, 245-ը վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սուդանի բժիշկների կոմիտեի հայտարարությունը։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Սուդանում 24-ժամյա հրադադարի ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց կատաղի բախումներ են սկսվել: Խարթումում ընթացող մարտերում գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ, տանկեր:
Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» առանձին հայտարարություններ են տարածել՝ հրադադարը չհարգելու մեջ մեղադրելով մեկը մյուսին:
Իր հերթին The National պարբերականը հաղորդում է, որ Խարթումի միջազգային օդանավակայանի տարածքում պայթյուններ են լսվել: Նշվում է, որ օդանավակայանում վառելիքով ցիստեռններ են այրվում: Սոցցանցերում հրդեհից կադրեր են հրապարակվել:
Սուդանի ռազմական ղեկավարի և նրա տեղակալի միջև հակամարտությունը սկսվել է չորս օր առաջ: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը: