
Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա Կիևին ռազմամթերք փոխանցել

Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայի կողմից թույլտվություն կստանա համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, այդ թվում դա վերաբերում է զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով», – փոխանցում է ТАСС-ը նրա խոսքերը։
Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի:
Շվեյցարիայի չեզոքության պատճառով այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Համադաշնությունում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի համար արկերին: