Բաժիններ՝

Անարդյունավետ, սնանկ, անհեռատես գործողություններ են. Անուշ Պողոսյանը՝ պոլիկլինիկաների աշխատաժամանակի ավելացման մասին

Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար ներկայացվում են արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող և սպասվող բարեփոխումները:

Մասնավորապես ներկայացվում է պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկի հետ կապված բարեփոխման առաջարկը, ըստ որի` առավոտյան ժամը 8:00-ին՝ կսկսի լաբորատորիաների, իսկ ժամը 9:00-ին` մնացած բաժինների աշխատանքը: Բուժանձնակազմը կաշխատի մինչև երեկոյան ժամը 19:00-ն, հերթափոխով: Շաբաթական մեկ անգամ նեղ մասնագետները կմնան հերթապահության` մինչև ժամը 19:00-ն:

Բարեփոխումը հիմնավորվում է նրանով, որ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց աշխատանքից բացակայելու, այցելել իրենց պոլիկլինիկաներ:

168.am-ի հետ զրույցում առողջապահության ոլորտի կազմակերպիչ, «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը նկատեց՝ նշված «բարեփոխման» հետ կապված՝ առողջապահության մասնագետների և մասնավորապես իր մոտ մի շարք հարցեր են առաջացել:

Կարդացեք նաև

«Նախ՝ ինչո՞ւ է «բարեփոխումը» վերաբերում միայն Երևանի, Գյումրու  և Վանաձորի  բնակչությանը սպասարկող պոլիկլինիկաներին: Մի՞թե մյուս մարզերի աշխատող բնակչությունն արժանի  չէ «բարեփոխված» առողջապահական սպասարկման»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Ընդ որում, նա հիշեցրեց, որ առաջնային օղակում բուժօգնությունն իրականացվում է բոլորի համար մատչելի, հավասար ծառայությունների  ծավալով:

«Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունում պոլիկլինիկաների ֆինանսավորումն իրականացվում է «per capita»՝ ըստ մարդաշնչի սկզբունքով, այսինքն՝ ըստ հավաքագրած բնակչության թվի: Կատարվե՞լ է արդյոք Երևանի, Գյումրու  և Վանաձորի  բնակչությանը բժշկական ծառայություն մատուցող բուժաշխատողների համար   բացի «per capita» ֆինանսավորման սկզբունքից՝ այլ, լրացուցիչ վարձատրման հաշվարկ՝ հաշվի առնելով աշխատաժամի ավելացումը, թե՞ «բարեփոխումը» նորից «թանկ» է նստելու Երևանի, Գյումրու և Վանաձորի  պոլիկլինիկաների՝ առանց այդ էլ սակավ բյուջեի վրա»,- հարց է բարձրացնում իրավապաշտպանը:

Վերջինս հավելեց՝ Առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ  պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումն Առողջապահության նախարարության օրակարգում է. բոնուսային համակարգի ներդրմամբ նաև կլինի աշխատավարձերի էական բարձրացում:

«Սա իրականում նորություն չէ: Ես փաստում եմ, որ  բոնուսային հավելավճարները գործում են բավականին տևական ժամանակ, և հետևաբար՝ ոչ թե պետք է ունենալ «օրակարգում աշխատավարձերի բարձրացման հարց», այլ հստակ պետք է սահմանվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված արտաժամյա աշխատանքի համար վարձատրություն»,- առաջնային բուժօգնության օղակի համար կարևորագույն հարցի մասին բարձրաձայնեց Անուշ Պողոսյանը:

Ըստ նրա՝ եթե կատարվել է Երևանի, Գյումրու  և Վանաձորի  «per capita» ֆինանսավորմանը հավելում այլ մեխանիզմներով կամ դիֆերենցված այլ մոտեցում, ապա ստացվում է , որ ՀՀ-ում առկա է  առողջապահական իրավունքի խտրական մոտեցում:

«Պոլիկլինիկայում  բժիշկին սահմանված կարգով  ընտրում է բնակիչը՝ ըստ իր ցանկության, ում  մոտ էլ  որ հետագայում հավաքագրվում է, ասել կուզեմ՝ բնակիչն է ընտրում, թե որ բժիշկն է զբաղվելու իր առողջությամբ: Հետևաբար,  ստացվում է, որ հերթափոխային սկզբունքով մինչև ժամը 19:00-ն պետք է աշխատեն բոլոր հավաքագրած բնակիչներ  ունեցող բժիշկները,  որն անիրատեսական է»,- ասաց առողջապահության ոլորտի մասնագետը:

Նա հիշեցրեց նաև, որ բնակիչը պոլիկլինիկա դիմում է երկու  խումբ հիմնական հարցերով՝

«Առաջին՝ տարբեր փաստաթղթերի՝  դեղատոմսերի, դեղերի  տրամադրման, անաշխատունակության թերթիկի, տեղեկանք ձեռք բերելու և նմանատիպ հարցերով, որի համար մինչև 19:00-ն աշխատատեղում պետք է լինեն վարչական մասի աշխատակիցները՝ տնօրենը, փոխտնօրենը, անաշխատունակության թերթիկների տրամադրման պատասխանատուն, ավագ բուժքույրը, դեղատան աշխատակիցներ և այլն:

Երկրորդ՝  եթե քաղաքացու մոտ առկա է շտապ և անհետաձգելի բուժօգնության խնդիր՝ սուր ցավեր, արյան ճնշման բարձրացում, արյունահոսություն և այլն,  ապա փաստեմ,  որ ներկայում  նման վիճակների համար շատ ավելի արհեստավարժ են գործում  հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային  անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Emergency» բաժանմունքները, որոնք  աշխատում են 24 ժամ»,- իրավիճակը ներկայացրեց Անուշ Պողոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք այս «բարեփոխումներով» լուծվում  են պոլիկլինիկաներում առկա խնդիրները՝ բնակչին ավելի որակյալ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ մատուցելու մասով, արդյո՞ք այս փոփոխություններով ավելանում է հավատը և վստահությունը բուժաշխատողի հանդեպ, «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիրն ասաց՝ պատասխանը բացասական է՝ ոչ:

«Ոլորտի լիազոր մարմինը թմբկահարում է անհասկանալի «բարեփոխումների»  և ավանդական դարձած  շենքերի վերանորոգումների մասին: Անարդյունավետ, սնանկ, անհեռատես գործողություններ են այս ամենը»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս