Պոլիկլինիկաների աշխատաժամանակում սպասվում են փոփոխություններ
Հանրապետության պոլիկլինիկաների աշխատաժամանակում փոփոխություններ են սպասվում: Պոլիկլինիկաներն, օրվա կտրվածքով, առաջիկայում ավելի երկար են աշխատելու՝ 08:00-19:00: Դա հնարավորություն կտա աշխատող քաղաքացիներին այցելել պոլիկլինիկա առանց աշխատանքից ուշանալու կամ շուտ դուրս գալու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ այս առնչությամբ բազմաթիվ քաղաքացիներից ստացվել են նամակներ՝ պոլիկլինիկաների աշխատաժամանակի անհարմարության հետ կապված:
«Պոլիկլինիկաների աշխատաժամանակը երկարացվում է, սակայն դա չի նշանակում, որ բուժանձնակազմը հավելյալ ծանրաբեռնվելու է: Բժիշկների ընդունելությունը լինելու է առավոտյան 9:00-ից միչև 13:30-ն և 13:30-ից մինչև 19:00: Առավոտյան ժամը 08:00-ից կաշխատի լաբորատոր բաժանմունքը: Կաշխատի մեկ կամ երկու բուժքույր՝ կախված հերթագրված բուժառուների թվից»,-ասաց Արտակ Ջումայանը:
Ստացվում է, որ աշխատող քաղաքացին կարող է իր բժշկին դիմել 18:00-ից հետո: Եթե հետազոտության անհրաժեշտություն լինի, ապա քաղաքացին կարող է առավոտյան ժամը 8:00-ին մոտենալ և հետազոտվել: Աշխատանքից անհրաժեշտաբար դուրս գալու կարիք չի լինի: Նախատեսված է նաև նեղ մասնագետի հերթապահություն՝ շաբաթական մեկ օր:
Նախարարի տեղակալը նշեց, որ արդեն հանդիպումներ են ունեցել մի շարք քաղաքների պոլիկլինիկաների տնօրենների հետ: Առաջիկայում հանդիպումները շարունակվելու են, որպեսզի առաջնային օղակի բուժանձնակազմի բոլոր մտահոգող հարցերի պատասխանները տրվեն:
Նշված պայմաններով, նոր գրաֆիկով աշխատանքը կլինի մի քանի ամսից: