Բրիտանացի լրագրողը ծանրամարտի երևանյան առաջնության կազմակերպվածությունը համեմատում է Օլիմպիական խաղերի հետ
Բրիտանացի լրագրող, Inside the games կայքի թղթակից Բրայան Օլիվերը, որը երկար տարիներ լուսաբանել է ծանրամարտի տարբեր մրցաշարեր, բարձր է գնահատում Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը և համեմատական անցկացնում Օլիմպիական խաղերի հետ։
«Մարզահամալիրի լուսավորությունը համապատասխանում է բարձր ստանդարտների՝ Օլիմպիական խաղերի շատ բարձր ստանդարտին: Ամեն ինչ զարմացնող էր։ Դուք կարող եք հիշել դրոշն այրելու միջադեպի մասին, սակայն դա մրցույթի մաս չէր կազմում։ Մրցույթի մեկնարկից երկու օր անց ամեն ինչ շատ լավ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Օլիվերը:
Նա շեշտեց, որ թեպետ առաջին անգամն է Հայաստանում, բայց տպավորված է հայկական լեռներով և, գուցե, առաջիկայում ընտանիքի հետ ևս մեկ այցելություն կատարի Հայաստան, քանի որ առաջնության ընթացքում շատ ժամանակ չի ունենում շրջագայելու համար։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը: