Շատ բարդություններ ու նրբություններ կան, ֆունդամենտալ հարցը փոխադարձ անվստահությունն է, խնդիրն այն է՝ ինչպես դա հաղթահարել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Բայց մինչև հարցի ձևակերպումը նախաբանում պատգամավորն իր գնահատականը տվեց թե զեկույցի բովանդակությանը, և թե քննարկման ձևին, թե արդեն 5 տարի է, ինչ պաշտոնի է Փաշինյանը, սակայն սա առաջին դեպքն է, երբ 3-4 ժամ խորհրդարանում է, իշխանությունն ու ընդդիմությունը նույն տեղում են, սակայն ծավալվում է անկեղծ զրույց՝ առանց փոխադարձ վիրավորանքների։
«Կարծում եմ՝ սրա պակասն իսկապես մեր հասարակությունն ունի, առերեսվելու իրականության հետ։
Դուք խոսեցիք իրավիճակի մասին և ըստ էության նախորդ հարցուպատասխանի ժամանակ և այսօր առավել ևս հնարավորինս պարզ բացատրեցիք, թե ինչ ենք ունեցել, ինչ ունենք հիմա և ինչ կարող ենք ունենալ։ Նաև մատնանշեցիք այն հիմնական ճանապարհային քարտեզը, որով մենք փորձում ենք առաջ շարժվել։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը Ձեր բառերով ասած՝ առանց որոգայթների և երկիմաստության, սա շատ լավ գիտակցում է։ Սակայն հասարակության զգալի հատվածի մոտ, անկախ նրանից՝ քաղաքական ինչ կողմնորոշում ունի, ապագայի հետ կապված որոշակի անորոշություն է, ինչը բնական է։ Դուք երբ նշում եք՝ 29.800 քկմ կամ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն պիտի ծավալվի, կարո՞ղ եք բանակցությունների գաղտնիությունը պահելով՝ ասել, թե այստեղ որն է մեր հիմնական կոնֆլիկտն Ադրբեջանի հետ՝ 29.800 քկմ տարա՞ծքն իրենց համար ընդունելի չէ, թե՞ մյուսը»,- հետաքրքրվեց Սիսակ Գաբրիելյանը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ պատգամավորի հնչեցրած նախաբանին, նշելով՝ «քանի որ պատգամավորը հարցը տվեց, մտքովս հետևյալն անցավ՝ երևի իրար այնքան են վիրավորել, որ վիրավորելու պաշարը սպառվել է»։
«Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում երբևէ կամա թե ակամա, այս ամբիոնից կամ որևէ այլ տեղ վիրավորել եմ։
Ձեր հարցին հեշտ չէ պատասխանել այն առումով, որ հայտարարությունների երկիմաստություններ կան, և պատճառահետևանքային կապերը դժվար է գնահատել։ Ինչո՞ւմն է կոնֆլիկտը, Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն իր ներքին հարցն է, և ինքը դա չպետք է քննարկի որևէ մեկի հետ։ Սա արդյո՞ք մեր վատ և ապաշնորհ քաղաքականության արդյունքն ու հետևանքն է, որովհետև 2017 թվականին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել և ասել, որ հարցն առաջ չի գնում, որովհետև Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը համարում է իր ներքին հարցը։ Ադրբեջանը խոսում է ինչ-որ միջանցքների մասին, հա, իմիջիայլոց, ես առիթ չեմ ունեցել ասելու, բայց լավ է: Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցք եք ասում, ասում է՝ խոստացել է, մեզ ասել են, որ միջանցք պիտի տան, հիմա խոստումը չի կատարում, դրա համար է այս ամենը։ Ես կարող եմ ապացուցել, որ ես չեմ խոստացել որևէ մեկին նման բան, կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա Փաշինյանը ակնարկեց Ադրբեջանի կողմից զարգացվող Արևմտյան Ադրբեջան անունով խոսույթների մասին, հարց տալով, թե արդյո՞ք դա տարածքային նկրտում է, թե՞ ոչ:
«Շատ բարդություններ ու նրբություններ կան, բայց ֆունդամենտալ հարցը փոխադարձ անվստահությունն է, որն ինչ-որ տեղ բնական է երևի: Բայց հիմա խնդիրն այն է, թե ինչպես դա հաղթահարել, ինչ կետի պետք է կանգնել։ Նաև Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հետ կապված հարցը, այն է, ինչ ես ասացի իմ ելույթում, մեկ է, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի թիվ մեկ շահառուն ԼՂ ժողովուրդն է։ Իրենց պիտի հնարավորություն տրվի, որ իրենք խոսեն իրենց օրակարգի մասին, և մենք պիտի ասենք իրավունքները և անվտանգությունը։ Եվ այդ խոսակցության ընթացքում պիտի որոշվի, որ իրավունքի մասին է խոսքը, անվտանգության ինչ մեխանիզմների և երաշխիքների մասին է խոսքը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում