Բաժիններ՝

G7-ի արտգործնախարարները Չինաստանին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ՝ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման կապակցությամբ և Պեկինին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ:

Դիվանագետները նաև հաստատել են ռազմական նպատակներով օգտագործման ենթակա առարկաների և տեխնոլոգիաների վերահսկման կարևորությունը՝ գլխավորապես արտահանման վերահսկման բազմակողմ ռեժիմների օգնությամբ:

Ճապոնիայի ԱԳՆ-ն նշում է, որ հանդիպման ընթացքում Ճապոնիայի արտգործնախարար Հայասի Յոսիմասան մտահոգություն է հայտնել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու ՌԴ որոշման, Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային և հրթիռային մշակումների և բալիստիկ հրթիռների արձակման, ինչպես նաև միջուկային մշակումների ուղղությամբ Իրանի գործունեության ընդլայնման առնչությամբ։

«Մեծ յոթնյակը հաստատել է իր հանձնառությունը վերջնանպատակին, այն է՝ ստեղծել առանց միջուկային զենքի աշխարհ», – ասվում է հայտարարության մեջ։

Մեծ յոթնյակի արտգործնախարարները հայտնել են, որ մայիսին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում կշարունակեն միջուկային զինաթափման և չտարածման շուրջ քննարկումները:

Նախարարների եռօրյա հանդիպումն ավարտվել է ապրիլի 18-ի առավոտյան։ Այն անցկացվել է Նագանոյի պրեֆեկտուրայի Կարուիձավա քաղաքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս