Սուդանում թեժ մարտերը շարունակվում են. խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի
Սուդանում արդեն երեք օր է՝ ծանր մարտեր են ընթանում բանակի և արագ արձագանքման ուժերի միջև: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Զինվորականների շրջանում զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան:
Մայրաքաղաք Խարթումի և հարևան Օմդուրման քաղաքի որոշ հատվածներ ենթարկվել են ավիահարվածների և գնդակոծությունների: Տներում թաքնված բնակիչները հայտնել են հոսանքազրկումների և կողոպուտների մասին:
Associated Press-ի տեղեկացմամբ՝ պայքար է ընթանում զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը:
Կողմերը հայտարարել են, որ հրադադարի շուրջ բանակցություններ չեն վարի:
Associated Press-ը նշում է, որ Խարթումում տանկերով, գնդացիրներով, հրետանային համակարգերով կռիվներն աննախադեպ երևույթ են: Սուդանում երկարատև քաղաքացիական կռիվներ են ընթացել, բայց դրանք հիմնականում կենտրոնացած են եղել հեռավոր գյուղական վայրերում՝ մայրաքաղաքից հեռու:
Մարտերը տարածվել են նաև երկրի արևմտյան Դարֆուրի նահանգում և Սուդանի հյուսիսային և արևելյան հատվածներում՝ Եգիպտոսի և Եթովպիայի սահմանների մոտ: Շաբաթ և կիրակի օրերին Պարենի համաշխարհային ծրագիրը կասեցրել է իր գործունեությունը Սուդանում այն բանից հետո, երբ իր երեք աշխատակից զոհվեց Դարֆուրում մարտերի ընթացքում:
Սուդանում մարտերը դադարեցնելու կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբդուլ Ղեյթը և Աֆրիկյան միության հանձնաժողովի ղեկավար Ազալի Ասումանին: Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Վերջին ամիսներին Բուրհանի և Դագալոյի միջև բանակցություններ էին ընթանում: Միջազգային ճնշման տակ նրանք համաձայնության էին եկել համաձայնագրի նախագծի շուրջ: Սակայն փաստաթղթի մի շարք հիմնական կետերի առումով կային տարաձայնություններ, որի պատճառով գործարքի ստորագրումը բազմիցս հետաձգվել է: