
Վահագն Դավթյանը վստահ է, որ Հայաստանի մարմնամարզության թիմը մեծ բարձունքների է հասնելու

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանն ընդգծում է, որ Անթալիայում կայացած Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճել է բարդ պայքարում։
«Դժվար եզրափակիչ ստացվեց օղակներում, քանի որ Եվրոպայի ուժեղագույն մարզիկներն էին պայքարում: Լարվածություն կար, բայց դա սովորական լարվածությունն էր: Այս տարի ստացվեց մեդալ նվաճել, կային տարիներ, որ 4-րդն էի: Միշտ մեդալին մոտ էի լինում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Վերջինս շեշտեց, որ յուրաքանչյուր նոր մեդալ մի նոր մոտիվացիա է:
«Մեզ ոգևորեցին նաև երիտասարդ մարմնամարզիկների նվաճումները Թուրքիայում: Այս մեդալը թիմային աշխատանքի, միասնական աշխատանքի արդյունք է: Այստեղ մարզիչների ջանքերն են․ սա նաև ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքի արդյունքն է: Մենք ուժեղ թիմ ունենք և առավել մեծ բարձունքների ենք հասնելու»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձել է առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: