Նման բան գերմանացիները զգում էին Վերսալի խայտառակ պայմանագրից հետո. Արման Աբովյան
Արման Աբովյանը գրում է. «Անհնար է մշտապես ապրել նվաստացման լծի տակ՝ այն անվանելով «պարտված երկրի պրագմատիզմ» կամ թուրք-ադրբեջանական մարդասպանների հետ «խաղաղության դարաշրջան» ամեն գնով։ Հենց նվաստացումն է ուղղակի խենթացնում մարդկանց այսօրվա Հայաստանում։
Մարդիկ արդեն մեծ հաշվով թքած ունեն իշխանական բոլոր հեքիաթների վրա՝ «նախկինների», «սևերի», «դասալիքների», «հինգերորդ շարասյան» և այլն։
Եվ եթե ներկայիս իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն նվաստացման գործոնը ընկալել որպես սոցիալական բացասական բաղադրիչ (Եթե ընկալեին, ապա առնվազն չէին ստորացնի սեփական ժողովրդին՝ հայերին մեղադրելով տոտալ դավաճանության և վախկոտության մեջ), ապա դա չի նշանակում, որ հայերը պատրաստ են կոլ տալ թշնամու ամեն մի սպառնալիքն ու վիրավորանքը։
Ի դեպ, այս իշխանությունն ուղղակի ի վիճակի չէ գնահատել այն նվաստացման չափը, որին ենթարկվում է մեր Հայրենիքն ամեն օր, քանի որ մարդկային էմպատիայի մակարդակն իշխանական վերնախավի մոտ այլևս պարզապես չի աշխատում ։
«Հպարտ քաղաքացու» արհեստական, ապազգային հայեցակարգը, ըստ էության, առաջին գործողությունն էր մարդկանցից արժանապատվության, պատվի և խղճի համակարգված խեղաթյուրման համար:
44-օրյա պատերազմից հետո նվաստացումը սկսեց բառացիորեն խժռել հասարակությանը: Ընդ որում՝ ամենաուղիղ իմաստով։
Եվ դա դրսևորվում էր ոչ միայն քոչվոր ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևի և նրա «ժողովրդի» կողմից Հայաստանին ու Արցախին ուղղված ամենօրյա սպառնալիքներով և լկտի վիրավորանքներով, այլև երկրի առջև ծառացած մարտահրավերներին «թավշյա» իշխանությունների բացարձակ դեգեներատիվ արձագանքով:
2020 թվականից հետո երկիրը լքողներից շատերը հեռացել են երկրում ապրելու անկարողությունից, որտեղ մշակվել է մշտական նվաստացման նկատմամբ «հանդուրժողականություն»։
Նման բան գերմանացիները զգում էին Վերսալի խայտառակ պայմանագրից հետո, աֆղանցիները նման բան զգում էին Բաբրակ Քամրալի իշխանության գալուց հետո, նման բան զգում էին շատ ու շատ ժողովուրդներ ու երկրներ, և եթե ժողովուրդը չէր վերականգնում առնվազն իր արժանապատվությունը, ապա դա վերածվում էր կատաղի արմատականության։
Մարդիկ իրականում պարզապես այլևս չեն դիմանում նվաստացման վիճակին, և սա արդեն քաղաքական գործընթաց չէ, սա «այլախոհների» աճող սոցիալ-հոգեբանական ալիք է, որն իր հերթին ուղղակի հնարավոր չի լինի կասեցնել»: