Անի, Բանի և այլ վրացական տառեր. Վահե Հովհաննիսյան

Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան—Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-Դոնի

Եթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին քեֆ անողների, ոչնչից չամաչող «հեղափոխականների» և գործարքի գնացող «հակահեղափոկանների», հանդիսատես-կոնֆորմիստների առատության, զոհվածների ծնողների վրա կարմիրբերետավորներ բաց թողնողների, Արցախի շրջափակումը լրահոսի սովորական տող սարքածների, երկրի հարստությունը գրպանած և արտերկրում ապահով պահ տվածների, բազմաթիվ այլոց ու բազմաթիվ այլ երևույթների մասին։

Մաշտոցի հուշումը ցավոտ է, բայց նաև ստիպում է, որ անբան, բայց տաղանդավոր աշակերտի պես մի օր ուսուցչին ապացուցենք մեր՝ մի բանի պետք լինելը։ Հետևություն՝ սովորեք վրացերեն։ Դեռ, ցավոք, պետք կգա։

Ինչ վերաբերում է երեկվա՝ մյուս հարևանի դրոշին, ապա դա հետաքրքիր է այլ հարթության մեջ. մեր՝ ամենօրյա դարձած մղձավանջի ելքն էլ մի օր նման մի անակնկալով է լինելու։ Դասական, տիտղոսային, ռեսուրսային, սպառված միավորներից լուծում չի լինելու։ Մի օր մի պայմանական «դիզայներ» առաջարկելու է լուծում։ Հայաստանն ունի դիզայնի կարիք։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս