Բաժիններ՝

Զոհված զինծառայողների ծնողները հերքման պահանջ են ներկայացրել civic.am իշխանական կայքին, այլապես զրպարտության համար կդիմեն դատարան

Զոհված զինծառայողների ծնողները հերքման պահանջ են ներկայացրել civic.am իշխանական կայքին:

«Civic.am լրատվական կայքի խմբագրությանը

44 օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ՝

Գարիկ Գալեյանից, Գայանե Արզումանյանից,

Վահիդ Սահակյանից, Արմեն Գալստյանից, Գոհար Դավթյանից

Civic.am լրատվական կայքում սույն թվականի 14,04.2023 թ.-ին, ժամը՝ 12:37-ին հրապարակվել է հոդված՝ «ԲԱՑԱՌԻԿ. 15-30 միլիոն դրամ և բնակարաններ՝ նորակառույցներում. որքա՞ն է վճարում Քոչարյանի գրասենյակը ցուցարար ծնողներին և ովքե՞ր են նրանք»: Civic.am-ը գրել է, թե «զոհվածների պարբերաբար ընդդիմադիր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ծնողների մի մասը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և նրա անունից ստացել է 15-30 միլիոն դրամ և բնակարաններ նորակառույցներում։ Մասնավորապես՝ Արմեն Գալստյանը ստացել է 30 միլիոն դրամ և բնակարան նորակառույցում։ Գայանե Արզումանյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Գոհար Դավթյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Վահիդ Սահակյանին արդեն խոստացել են բնակարանը, և վերջինս սպասում է այն ստանալուն։ Գարիկ Գալեյանը ստացել է առնվազն 15 միլիոն դրամ և առաջիկայում կստանա նաև բնակարանը։ Այս գումարներն ու բնակարանները տրվում են ծնողներին ակտիվ ցուցարարության համար, թե՝ ոչ, ասել չենք կարող։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ քոչարյանական շռայլության օբյեկտները բացառապես ակտիվ ցուցարարներ են։ Տեղեկությունները մեզ փոխանցած աղբյուրը վստահելի է»։

ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում ենք

Civic.am լրատվական կայքը հերքի վերոնշյալ տեղեկատվությունը, քանի որ նյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեզնից ոչ ոք գումար կամ բնակարան երբեք չի ստացել Ռոբերտ Քոչարյանից եւ երբեք որևէ կապ չի ունեցել ո՛չ Քոչարյանի, ո՛չ նրա գրասենյակի հետ։ Նյութը զրպարտություն է, որը արատավորում է մեր արժանապատվությունն ու բարի համբավը։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված պահանջը չկատարելու դեպքում մենք դիմելու ենք դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիման վրա:

Այս տեքստը կարող է հրապարակվել որպես «ԶԼՄ մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատասխան:

Գարիկ Գալեյան

Գայանե Արզումանյան

Վահիդ Սահակյան

Արմեն Գալստյան

Գոհար Դավթյան

Սուրեն Ավետիսյան

15.04.23թ.»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս