
Չինաստանի տնտեսական աճը կարող է ազդել Եվրոպայում գազի գնի վրա. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալֆրեդ Քամմերը նշել է, որ Չինաստանի տնտեսության արագացված աճը կարող է բացասաբար ազդել Եվրոպայում գազի արժեքի վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Քամմերը հայտարարել է Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային համաժողովի ժամանակ։
«Ակնհայտ է, որ այս տարի վտանգ կա, որ եթե Չինաստանի վերականգնումն ավելի արագ լինի, քան մենք ակնկալում ենք, դա ճնշում կգործադրի գների վրա»,- ասել է նա:
Քամմերն ընդգծել է, որ անցած ձմռանը Եվրոպա բնական գազի գնումներն ապահովվել են նաև դեպի Չինաստան մատակարարումների կրճատման հաշվին:
«Գալիք ձմռանը էներգետիկ անվտանգության համար որոշակի ռիսկեր դեռ պահպանվում են՝ հիմնականում գների հետ կապված»,- ասել է նա՝ գնահատելով գալիք ձմեռը Եվրոպայում։