Բաժիններ՝

Բայդենն Իռլանդիայում այցելել է իր նախնիների բնակավայրը և հեռավոր ազգականներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իռլանդիա այցի ընթացքում այցելել է իր նախնիների բնակավայր՝ Լաութ կոմսություն, որտեղից իր նախապապը մեկնել էր Ամերիկա: Նա դիմել է հավաքվածներին՝ հայտարարելով, որ իր մոտ տպավորություն է, թե «տուն է վերադարձել»:

ԱՄՆ նախագահը եռօրյա այցով գտնվում է Իռլանդիայի Հանրապետությունում: Մինչ այդ նա կարճ ժամանակով այցելել էր Հյուսիսային Իռլանդիա՝ նշելու Բելֆաստի («Բարի ուրբաթ») համաձայնագրի կնքման 25-ամյակը:

Դուբլինի օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը: Այնտեղից Բայդենը մեկնել է Քուլիի թերակղզի և Քարլինգֆորդ գյուղ՝ հանդիպելու իր հեռավոր ազգականների հետ: Այնուհետև Դանդոլք քաղաքի «Վինձոր բար» փաբում Բայդենը դիմել է հազարավոր հավաքվածներին, որոնց մեջ եղել են նաև նրա ազգականները:

«Իմ կարծիքով՝ իռլանդացիներն աշխարհում միայն մարդիկ են, որոնք իսկապես կարոտով են լցված ապագայի հանդեպ: Դրա պատճառն այն է, որ, ինչպես գիտեմ իմ փորձից, բոլոր մարդկանց սրտերում և հատկապես՝ իռլանդացիների սրտերում բաբախում է հույսը», – ասել է ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենը հաճախ է խոսում իր իռլանդական արմատների մասին և խոստացել էր այցելել Իռլանդիա իր նախագահության ընթացքում: Բայդենի մորական կողմից նախապապ Օուեն Ֆինեգանը Լաութ կոմսության Քարլինգֆորդ գյուղից Ամերիկա էր մեկնել 1840-ականներին: Բայդենի նախապապերից Էդվարդ Բլուիթը Ամերիկա էր մեկնել 1850-ականներին՝ Մեյո կոմսության Բալինա քաղաքից:

Այցի ընթացքում Բայդենը նաև Իռլանդիայի խորհրդարանում կզրուցի իռլանդացի քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև Բալինայում կհանդիպի իր մյուս ազգականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս