Հուշարձանների վերականգնման համար աննախադեպ ծավալի ֆինանսավորում է նախատեսված
2023 թվականի հուշարձանների վերականգնման համար աննախադեպ ծավալի ֆինանսավորում է նախատեսված: Տարբեր ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կազմելու է շուրջ 1 մլրդ դրամ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշեց, որ ոլորտին հատկացվող ֆինանսավորումն աստիճանաբար ավելանում է:
«Այս տարի 1 մլրդ դրամի շեմին կմոտենանք: Ոլորտի համար սա բացառիկ ցուցանիշ է, երբեք այդքան գումար չի հատկացվել: Մենք ունենք բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք հրատապ վերականգնման կարիք ունեն: 2022 թվականի տվյալներով, այդպիսի 550 պատմամշակութային հուշարձան կա, դրանք վտանգված են: Տարվա ֆինանսավորումն ուղղորդելու ենք այդ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից առանձնացված հուշարձանների վերականգնմանը»,-ասաց Հարություն Վանյանը:
Այս տարի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի վերականգնման աշխատանքների համար նախատեսված է 260 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է նաև մոտ 450 մլն դրամ, որը նախատեսված է մի շարք ծրագրերի համար: Նախատեսված է Արմավիրի մարզի Այգեշատի համայնքի Թարգմանչաց վանքի, ինչպես նաև Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցու վերականգնումը: Այս տարի կիրականացվեն Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները: Կշարունակվեն Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացիկ տարում նախատեսված է նաև Սյունիքի Տեղ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների շինարարությունը:
«Կառավարության առանձին որոշմամբ, մոտ 10 օր առաջ գումար հատկացվեց Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու վերստեղծման ծրագրի համար: Կիրականացվեն նաև Կոտայքի մարզի Բջնի համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման աշխատանքները: Մոտ 30 մլն դրամ էլ հատկացվել է Զվարթնոցի թանգարանի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար, որը մի քանի տարի առաջ ուժեղ քամու պատճառով վնասվել էր»,-ասաց Հարություն Վանյանը