ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են շանսոնյեի 100-ամյակի միջոցառումներին վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 12-ին ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել լեգենդար շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ անցկացման կարևորությունը.
«Մենք իսկապես շատ կարևորում ենք աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, և այս նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը»:
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ կազմել են առաջարկներ, որոնք ցանկանում են դիտարկել հարյուրամյակի պետական ծրագրով նախատեսված միջոցառումների ծրագրում: Դրանք կներկայացվեն Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կառավարական հանձնաժողովին:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել են բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Առաջիկայում նախատեսված է հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են ստացված հայտերը, միջոցառումների ծրագրին առնչվող կազմակերպչական հարցերը:
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ և այլն:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը ևս նախապատրաստական աշխատանքների փուլում է: Մասնավորապես, մինչև 2024 թվականը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, նախատեսվում է անցկացնել մեծ համերգային ծրագիր, կազմակերպել Ազնավուրի գործունեությանը նվիրված ցուցահանդես:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծման հարցին: