«Թեև Լաչինի միջանցքը փակ է, բայց պատրաստ ենք վերսկսել հանդիպումները». Արարատ Միրզոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է խաղաղության պայմանագիրը, ապա փորձեց նրա կարծիքն իմանալ Ալիևի վերջին հայտարարության վերաբերյալ։

«Վերջերս Ադրբեջանի նախագահն ասել է, որ խաղաղության պայմանագրի բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ։ Առաջինն իր նկարագրմամբ, իր բառամթերքով, դա Լեռնային Ղարաբաղի բնակչության վերաինտեգրման հարցն է, և երկրորդը՝ արդեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագիրն է։

Ուզում եմ մենք այս ամբիոնից խոսենք, թե արդյո՞ք մենք տարանջատում ենք այս երկու հարցերը, և ի՞նչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագիրը»,- հարցրեց Սոնա Ղազարյանը։

ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանելով հարցին, իր իսկ խոսքով վերահաստատեց և մեկ անգամ ևս  արձանագրեց հայկական կողմի դիրքորոշումը։

Կարդացեք նաև

«Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության և դրան առնչվող հարցերը։ Անշուշտ, ակնհայտորեն այս խնդիրը կամ խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս են, այս մասին առաջին անգամ չէ, որ մենք ասում ենք։ Ընդհանուր վերջնական կարգավորումը տարածաշրջանում, երկարատև խաղաղության և կայունության հաստատումը առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ինչ վերաբերում է պատգամավոր Ղազարյանի  հարցում հնչեցված Ադրբեջանի արտգործնախարարի  հայտարարությունից մեջբերմանը, թե միջազգային հանրությունը «հայկական կողմի վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ», Արարատ Միրզոյանը հակադարձեց.

«Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար նախորդ տարվա վերջին։ Այդ հետաձգումը պայմանավորված է  եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակով։ Կրկնում եմ՝ այստեղ առանցքային է նաև հետաձգել բառը, և մենք պատրաստ ենք այժմ վերսկսել հանդիպումները, նաև այդ քննարկումները»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս