Լեհաստանում քայլեր են ձեռնարկում ուկրաինական հացահատիկի անմաքս ներմուծման մասին ԵՄ որոշման առնչությամբ
Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Տելուսն այսօր ճգնաժամային շտաբ է հրավիրել: Այն պետք է զբաղվի այն իրադրության կարգավորմամբ, որն ստեղծվել է Եվրամիության երկրներ ուկրաինական հացահատիկի ժամանակավոր անմաքս ներմուծման շուրջ ԵՄ-ի որոշումից հետո։
«ԵՄ-ն դանդաղ է գործում, ուստի մենք ինքներս պետք է իրացման շուկաներ փնտրենք: Այս հաշվով կան որոշակի մտքեր, հետևաբար, երեքշաբթի օրը փոխվարչապետ Յացեկ Սասինի ղեկավարության ներքո, կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկիի աջակցությամբ, կգումարվի ճգնաժամային շտաբ, որում կընդգրկվեն այն բոլոր նախարարները, որոնք կարող են աջակցություն ցուցաբերել այս հարցում», – Տելուսն ասել է լեհական ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ «եթե մինչև բերքահավաքի սեզոնը Լեհաստանին հաջողվեր արտահանման ուղարկել 3-4 միլիոն տոննա հացահատիկ, ապա հնարավոր կլիներ աշխատանքը շարունակել նաև բերքահավաքի սեզոնի ավարտից հետո, գլխավորը նոր բերքին պատրաստվելն է»։
Տելուսը հիշեցրել է, որ ապրիլի 7-ին Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Սոլսկիի հետ կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև հուլիս ամսին բերքահավաքի սեզոնի սկսվելն ուկրաինական հացահատիկը տարանցմամբ կանցնի Լեհաստանի տարածքով, և դրա տեղափոխման համար խիստ վերահսկողություն կսահմանվի ինչպես ուկրաինական, այնպես էլ լեհական կողմից։
Ավելի վաղ Լեհաստանում, ինչպես նաև Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում գյուղմթերք արտադրողներն ակցիաներ են անցկացրել՝ բողոքելով Ուկրաինայից այդ երկրներ հսկայական քանակությամբ հացահատիկի հոսքի դեմ, որի համար Բրյուսելը ժամանակավորապես չեղարկել է մաքսատուրքերը։