«Հստակություն չկա, թե ադրբեջանցիները քանի հոգի են ու ինչ նպատակով են մտել Հայաստան». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ փաստացի պետք է արձանագրել, որ Հայաստանն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, այլև, ըստ էության, երկրի ներսում։

«Փաստացի ադրբեջանցի զինծառայողների ներթափանցումը ըստ բնակավայրերի՝ ուղիղ գծով մինչև 20 կմ, դա այն բնակավայրն է, որտեղ վերջին անգամ նրանց ֆիքսել են։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն արտաքին սահմանն է, այլև երկրի ներսում։ Եվ այն մարմինները, որոնք պետք է ապահովեին ներքին անվտանգությունը, և նրանք, ովքեր երկրի ներսում նման իրավիճակներում պետք է կարողանային գործել, փաստացի արդյունավետություն չեն դրսևորել։ Անկեղծ ասած, տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ տեղի ունեցածի մեջ որևէ նորություն, ըստ էության, չկա:  Ցավով եմ դա արձանագրում, որովհետև մենք, երկար ժամանակ է, արդեն 4,5-5 տարի է՝ խոսում ենք այն մասին, որ այս իշխանությունը տապալել է անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նույնիսկ եղած համակարգերը և ինստիտուտները, որոնք տարբեր իրավիճակներում գործել են, եղել են նրանց համար նախատեսված մեխանիզմներ՝ ներկայումս փաստացի չեն գործում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ապրիլի 10-ին Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողներին, որոնք իբր թե մոլորվել են։

Պատգամավորին զարմացնում և մտահոգում է ոչ միայն, որ ադրբեջանցի զինծառայողներն առանց խոչընդոտի ու անարգել կարողացել են մտնել ՀՀ տարածք ու խորացել սահմանից հեռու բնակավայրեր, այլև, որ առ այս պահը չկա հստակ տեղեկություն, թե քանի հոգի են:

«Որևէ հստակություն չկա, թե իրականում քանի հոգանոց խմբի մասին է խոսքը, և թե իրականում նրանք ինչ նպատակով են մուտք գործել ՀՀ տարածք, նպատակը հետախուզական տեղեկությունների ձեռքբերո՞ւմն է , ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիայի իրականացո՞ւմը, թե՞ որն է։ Բայց փաստ է, որ մի կողմից անցում է եղել Հայաստանի առաջնագծով, և փաստ է, որ նրանք երեք օր ՀՀ բնակավայրերում են եղել»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս