Հունաստանը 400 մլն դոլարի Spike հակատանկային հրթիռներ կգնի Իսրայելից
Իսրայելը և Հունաստանը համաձայնագիր են կնքել Աթենքի կողմից 400 միլիոն դոլար գումարի իսրայելական հակատանկային կառավարվող հրթիռներ (ՀՏԿՀ) գնելու շուրջ:
«Այս նախագիծը միանում է Իսրայելի Պետության և Հունաստանի Հանրապետության միջև մի շարք համաձայնագրերին և ավելի է ընդգծում մեր երկրների և մեր պաշտպանական կառույցների միջև ամուր գործընկերությունը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման մեր փոխադարձ հանձնառությունը», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
«Հունաստանի Հանրապետության հետ այս համաձայնագիրը Իսրայելի և Հունաստանի ռազմավարական գործընկերության ևս մեկ դրսևորում է», – հայտարարել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը, որը պայմանագիր է ստորագրել հունական կողմի հետ:
Աթենքը 370 մլն եվրոյի (400 մլն դոլարի) հրթիռներ ձեռք կբերի իսրայելի պետական Rafael Advanced Defense Systems ընկերությունից: Հրթիռների հստակ թիվը չի նշվում։
Հրատարակությունը նշում է, որ, Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Spike ՀՏԿՀ-ներ արդեն մատակարարվել են մոտավորապես 40 երկրների, այդ թվում՝ 19 ԵՄ-ի երկրների և ՆԱՏՕ-ի երկրների։ Ընդհանուր առմամբ, արտահանվել է ավելի քան 34 հազար հրթիռ։
Ըստ Rafael Advanced Defense Systems ընկերության՝ հրթիռները կարելի է արձակել 45 տարբեր հարթակներից՝ ցամաքում, օդում և ծովում: Ուղղաթիռից հրթիռի արձակման դեպքում դրա հեռահարությունը կկազմի մինչև 50 կմ։
Անցյալ շաբաթ Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել էր, որ Հունաստանը, աջակցելով Ուկրաինային, չի խաթարի սեփական պաշտպանունակությունը։