Բաժիններ՝

Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը:

Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհա­տուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ,

նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ,

պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհա­տուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65 %-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49 %-ը):

2023-2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել.

գերատեսչությունների ներկայացրած հայտերը,

հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների ներկայացրած հայտերը,

հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն),

բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների (ըստ հաստիքացուցակի) թվաքանակը, տարիքային շեմը (65-ից բարձր), սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,

բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,

նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),

մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով բուհերի, Գիտությունների ազգային ակադե­միայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստա­ցած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 -20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս