Հուդա Իսկարիովտացին և Նիկոլը․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«ՆՓ-ի կողմից ՛՛Հիսուս Քրիստոս՝ գերաստղ՛՛ ռոք-օպերայի՝ Հուդայի արիայի հրապարակումն այդքան մակերեսային չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Հայտնի ռոք-օպերան իրականում ընդհանուր քիչ բան ունի Նոր Կտակարանի հետ: Դրանում պահպանվել է միայն սյուժեի ընդհանուր գիծը, մինչդեռ փիլիսոփայությունը գրեթե ամբողջությամբ վերանայված է: Այսպես, մյուզիքլն ավարտվում է ոչ թե Քրիստոսի հարությամբ, այլ մահով: Դրանով իսկ ընդգծվում է ստեղծագործության հակակրոնական բնույթը: Ու առհասարակ, այն ոչ թե Աստծո Որդու, այլ մարդկանց մասին է:

Ինչ վերաբերում է Հուդային, ապա մյուզիքլում այն որևէ ներքին բովանդակային կապ չունի աստվածաշնչյան Հուդայի հետ: Մասնավորապես, մյուզիքլում նա չի ցանկանում դավաճանել Հիսուսին, պարզապես հասկանում է, որ եթե նա չանի դա, ապա և Ուսուցչին և աշակերտներին հոշոտելու է ամբոխը: Հուդան մեծ աղետ է կանխատեսում, դրա համար է գնում դավաճանության՝ կարծելով, թե դրանով կմեկուսացնի ու արդյունքում կփրկի Հիսուսին: Երեսուն արծաթն այստեղ պահպանված են զուտ որպես սյուժետային գծի արտաքին կոմպոնենտ:

(Քրիստոնեության կայացման գործում Հուդայի դերակատարման մասին է գրում նաև հանճարեղ Բորխեսը իր՝ ՛՛Հուդայի դավաճանության երեք տարբերակները՛՛ էսսեյում):

Իր էջում տեղադրելով Հուդայի արիան ՝ ՆՓ-ն փորձում է արդարանալ. ՛՛Այո, դավաճանություն եղել է, բայց եթե ես այն չգործեի, կլիներ ավելի մեծ աղետ՛՛:

Այսինք՝ դավաճանությունը տվյալ դեպքում միայն արտաքին, ֆորմալ տեսանկյունից է դավաճանություն: ՆՓ-ն կոչ է անում մեզ դիտարկել այն որպես ինքնազոհություն:

Հաշվի առնելով այն, թե ինչ մեծ նշանակություն են տալիս այս պսևդո-իշխանությունները տարատեսակ սիմվոլներին՝ չեմ բացառում, որ Հուդայի արիայի հրապարակման նպատակը հենց դա էր»:

Տեսանյութեր

Լրահոս