Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց ՔՊ-ի օրակարգում չկա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվում ոչ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ էլ խմբակցությունում նման հարց չի քննարկվել։ Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է Ազգային ժողովի նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։
Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի միջև։ Կարեն Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ Մկրտչյանի, անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։ Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրել է իր կարծիքը, որից հետո երիտասարդը մտել է եթեր և պատմել կատարվածը:
Անդրադառնալով միջադեպին՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ այդ արարքն ամենամեծ վնասն է հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությունը, որը փրկելու համար իշխող ուժը պետք է Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսի։