Չինաստանն ԱՄՆ-ին բողոք Է հայտնել Թայվանի ղեկավարի հետ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպման պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն բողոք Է հայտնել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի և Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինվենի՝ ԱՄՆ-ում կայացած հանդիպման կապակցությամբ։
«Այս քայլը լրջորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը…, լրջորեն վնասում Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և լուրջ սխալ ազդակ է ուղարկում «Թայվանի անկախության» կողմնակիցներին։ Չինաստանը վճռականորեն բողոքում Է դրա դեմ և դատապարտում այդ քայլը», – ասվում Է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Վաշինգտոնը «երկար ժամանակ համառորեն խախտում Է իր պարտավորությունները, շարունակում անդրսահմանային սադրանքները Թայվանի հետ պաշտոնական փոխանակումներով, զենքի վաճառքով և ռազմական դաշինքներով»։
«Ի պատասխան Միացյալ Նահանգների և Թայվանի լուրջ անօրինական գործողությունների՝ Չինաստանը վճռական և գործուն միջոցներ կձեռնարկի իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», – նախազգուշացրել է ԱԳՆ-ի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ Թայվանի հարցը «Չինաստանի հանգուցային շահերի Էությունն ու անհաղթահարելի կարմիր գիծն Է չին-ամերիկյան հարաբերություններում»:
Նա հավելել է, որ «լարված հարաբերությունները կարող են հանգեցնել լուրջ դժվարությունների» և ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել լարվածության ստեղծումը Թայվանի նեղուցում և «ավելի հեռու չընթանալ սխալ ու վտանգավոր ճանապարհով»։ Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, Մաքքարթին Կալիֆորնիայում ընդունել է Ցայ Ինվենին։
Հանդիպման ժամանակ Ինվենը հայտարարել Է. «Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասին ենք: Թայվանը երախտապարտ է Միացյալ Նահանգներին այն բանի համար, որ մեր կողքին են և աջակցում են մեր կենսակերպը պաշտպանելու ջանքերը»: Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն իր հերթին ասել է, որ «Թայվանի և Ամերիկայի ժողովուրդների բարեկամությունը մեծ կարևորություն ունեցող հարց Է ազատ աշխարհի համար» և նշել է «տնտեսական ազատությունը, խաղաղությունը և տարածաշրջանային կայունությունը պահպանելու» անհրաժեշտությունը։
Ցայ Ինվենն անցյալ շաբաթ Գվատեմալա և Բելիզ գնալու ճանապարհին կանգ էր առել Նյու Յորքում: Ըստ ԶԼՄ-ների՝ նրա հետ հանդիպել էին Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը, ինչպես նաև սենատորներ Ջոնի Էռնստը, Դեն Սալիվանը և Մարկ Քելլին։