«Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ». Ալեքսանդր Սկակով

Թուրքիայում ամենաբարձր մակարդակով չեն դադարում հակահայկական հայտարարություններ հնչել՝ չնայած հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների ցանկությանը՝ օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը:

Մարտ ամսին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժից հետո ՀՀ իշխանություններն աննախադեպ քայլեր նախաձեռնեցին թուրքական կողմի հանդեպ՝ բարձրաստիճան հեռախոսազրույց, ցավակցություններ, ՀՀ ԱԳ նախարարի այց Թուրքիա, հումանիտար օգնության մի քանի բեռնաքանակ հայ-թուրքական սահմանով դեպի Թուրքիա, փրկարարական աշխատանքներ Թուրքիայում, և այսպես շարունակ: Եվ չնայած ներկայումս Թուրքիան նախագահական ընտրությունների փուլ է թևակոխել և կենտրոնացել երկրի ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների կարգավորման վրա, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում անել խիստ հակահայկական հայտարարություններ նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերված աննախադեպ հումանիտար և քաղաքական բնույթի քայլերից հետո, ինչն ապացուցում է ՀՀ իշխանության ընդդիմախոսների պնդումները, որ, մեղմ ասած, նման միակողմանի քաղաքականությունը չի կարող հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ելույթ ունենալով Անկարայում հայկական իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ, հայտարարել է, որ արխիվային փաստաթղթերը վկայում են, թե հայերի նկատմամբ «ցեղասպանություն» չի եղել։ Ավելին, ըստ նրա, դրան հակառակ գործընթացներ են տեղի ունեցել, և այդ իրողությունները պետք է հայտնվեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

«Հայկական հարցը երկար տարիներ օգտագործվել է՝ որպես քաղաքական գործիք։ Հայերը փորձել են արհեստական ​​պատմություն ստեղծել՝ ապրիլի 24-ը «Ցեղասպանության օր» հռչակելով։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի ժխտում։ Այս պնդումները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական գործոնն են։ Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիվները աշխարհի առաջ և չանհանգստանա արդյունքների համար»,- ասել է Աքարը։

Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն էլ ասել է, թե Թուրքիայի զինված ուժերի տեխնիկան իրեն արդարացրել է շատ տեղերում, այդ թվում՝ Ղարաբաղում։ Նա նշել է, որ Թուրքիան վերջին շրջանում առաջընթաց է գրանցել պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների քայլերին ի պատասխան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս հակահայկական հայտարարությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի ֆոնին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ նման հայտարարությունները կարգավորման բանակցությունների ֆոնին հարաբերություններում կողմերի միջև մեծ անհավասարակշռության ցուցիչն են: Ըստ նրա, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, այնքան էլ էական հարց չէ Թուրքիայի համար, Թուրքիան ուժի դիրքերից է հարաբերվում Հայաստանի հետ:

«Կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանի հետ կապված ամենացավոտ հարցը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է, սրան անընդհատ անդրադարձ լինում է, իսկ մնացած հարցերը՝ Հայաստանի հետ կապված, այդքան էլ էական չեն և մեծ կախում ունեն հայ-ադրբեջանական օրակարգերից: Բնականաբար, Թուրքիայում հասկանում են, որ նման հայտարարությունները չեն նպաստում այդ կարգավորման գործընթացին, սակայն անհանգիստ չեն, որ այդ հայտարարությունները կունենան հետևանք թե ՀՀ արձագանքի, թե նրանց արևմտյան գործընկերների կողմից հնարավոր արձագանքների տեսքով: Ինչպես ցույց տվեց ժամանակը, հայ-թուրքական գործընթացն առանձին գոյություն չունի, այն մեծ արդյունքներով առաջ չի շարժվում և չի շարժվելու, քանի դեռ բոլոր հարցերը ռեգիոնում լուծված չեն, իսկ դրանք առավելապես կապված են Ադրբեջանի ու Ադրբեջանի շահերի հետ: Փորձերն ու պատկերացումները՝ դրանք առանձնացնելու, զուր են, և այս հայտարարությունները հենց դա են ցույց տալիս»,- ասաց Սկակովը:

Նրա խոսքով, մեկ բան է, երբ նման հայտարարություններ անում են քաղաքական գործիչները, ընդդիմության ներկայացուցիչները, և մեկ այլ բան, երբ նման հայտարարություններ են անում կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Շատ հաճախ նույնիսկ նման մակարդակի հայտարարություններն արժանանում են հակառակ կողմի պաշտոնական արձագանքին, սակայն այս դեպքում վստահաբար չի լինի նման արձագանք»,- նկատեց նա: Սակայն անկախ այս հայտարարություններից՝ Սկակովն ասաց, որ այս փուլում և մի որոշ ժամանակ՝ գուցե ամիսներ, կանգնած է լինելու հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան ընտրությունների և հետընտրական զարգացումների սպասման մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս