Բաժիններ՝

«Սպասում ենք մինչև ամսի 13-ը, եթե Ավինյանը չեկավ՝ մեր անելիքը կանենք». Վարդաշենի վթարային շենքի բնակիչ

Այսօր առավոտյան Վարդաշեն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետարանի մոտ էին, սպասում էին, որպեսզի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց ընդունի։ Սակայն 1 ժամից ավելի սպասելուց հետո, բնակիչներին Տիգրան Ավինյանն այդպես էլ չընդունեց։

«Մեզ ասացին, որ Ավինյանը մեզ չի կարող ընդունել, որովհետև նիստի է։ Մեզ հետ խոսել է Քաղաքապետարանի ներկայացուցիչը, կարծեմ քաղշինից էր, ասաց, որ ապրիլի 13-ին Ավինյանը կգա Վարդաշեն, տեղում ամեն ինչին կծանոթանա։ Մենք սպասում ենք մինչև ամսի 13-ը, եթե Ավինյանը չեկավ, արդեն մեր անելիքը կանենք»,- 168.amի հետ զրույցում նշեց վթարային շենքի բնակիչներից Աբրահամը։

Նա նշեց, որ այս ընթացքում այնպիսի տպավորություն է ստացել, որ նույնիսկ վթարային շենքի հարցի լուծումը քաղաքապետարանի օրակարգում չէ, քանի որ 2020 թվականից սպասում են խնդրի լուծմանը։

Կարդացեք նաև

«Երկու հանրակացարաններ 4-րդ կարգի վթարային են, այստեղ բնակվում են 100-ից ավելի մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ռիսկ չենք անում դուրս գանք պատշգամբ կամ դուռը ուժեղ փակենք, վտանգը մեծ է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ մեր զրուցակցի, շենքն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարողանա այն վերանորոգել, ամեն վայրկյան փլուզվելու վտանգը կա։

«Այդ շենքը որևէ կերպ վերանորոգել հնարավոր չէ, այն պարզապես պետք է կա՛մ քանդել, կա՛մ դռները փակել ու գնալ հեռու, այդքան վիճակը վատ է։ Մենք ևս մի քանի օր կսպասենք ու արդեն մեր անելիքների մասին տեղյակ կպահենք»,- եզրափակեց Աբրահամը։

Տեսանյութեր

Լրահոս