Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակված հատվածում արգելել են արցախցիների մուտքը Արցախ
Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչությանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների հույսին: Հարյուրավոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում և գրեթե չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:
Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատև ու համառ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը:
Դեպքի հանգամանքների մասին առավել համոզիչ փաստերը կներկայացվեն ավելի ուշ:
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյան