Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ և այլն) տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ գերցածր: Միջոցառումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջադրանքների կատարման ընթացքում անձնակազմերի աշխատանքի ստուգմանը և համակարգմանը։
«Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը կխոցեն ցամաքային թիրախներ, որոնք նմանակում են պայմանական թշնամու կենդանի ուժին ու տեխնիկային, կվերաբազավորվեն պահեստային օդանավակայանում, ինչպես նաև կմշակեն փոխգործակցությունը ՀՌՕ-ի ռազմաբազայի ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում։ Բացի այդ, զինծառայողները կիրականացնեն պայմանականորեն վիրավորված զինծառայողների որոնողական աշխատանքներն ու տարհանումը, ինչպես նաև կկատարելագործեն իրենց հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում», – նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելել է, որ բանակի և օպերատիվ-մարտավարական ավիացիայի բոլոր ուսումնամարտական թռիչքները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին՝ զույգերով, փոքր խմբերով և էսկադրիլիաների կազմում։
Ստուգման շրջանակներում նաև կգնահատվի ինժեներատեխնիկական ստորաբաժանման աշխատանքը: