Հայաստանի դեսպանը Թունիսի խորհրդարանի նախագահին է ներկայացրել ԼՂ հումանիտար իրավիճակը
Աշխատանքային այցով Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուդերբալայի հետ։
Հանդիպման սկզբում դեսպան Փոլադյանը շնորհավորել է Թունիսի խորհրդարանի նորընտիր նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ փոխանցելով ՀՀ ԱԺ նախագահի՝ թունիսցի պաշտոնակցին հասցեագրված շնորհավորական ուղերձը։
Ժողովրդական ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմի շնորհավորանքների համար, կարևորել է Թունիսի և Հայաստանի միջև խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, ողջունելով Հայաստանի հետաքրքրվածությունը Հյուսիսային Աֆրիկայի երկրների՝ մասնավորապես Թունիսի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման հարցում, իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված բարեկամական և գործակցային հարաբերությունների կապակցությամբ։
Իր հերթին դեսպան Փոլադյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացմանը և հայտնել, հատկապես, զբոսաշրջության, մշակույթի և առողջապահության ոլորտներում առաջխաղացում գրանցելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու ՀՀ պատրաստակամության մասին։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորման հարցը, կարևորվել է փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Դեսպան Փոլադյանն իր զրուցակցին է ներկայացրել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը։ Այս կապակցությամբ խորհրդարանի նախագահն ընդգծել է բանակցությունների և երկխոսության միջոցով հիմնախնդրի կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով խորհրդարանականների դերը աշխարհում խաղաղության ջանքերին աջակցելու գործում