400 միլիոն դրամ՝ ԴԱՀԿ-ի պարգևատրման ֆոնդի համար

Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել 2023 թվականի պետական բյուջեում և Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (ԴԱՀԿ) հավելյալ հատկացվել է 400 միլիոն դրամ։

Հատկացված 400 միլիոնից 120 միլիոն դրամը տրվել է ՝ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացման» համար Եվրոպական միությունից ստացված դրամաշնորհային ծրագրից, իսկ 280․0 մլն դրամը «Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում» միջոցառմամբ նախատեսված գումարից, քանի որ Արդարադատության թաղամասի կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են և դեռ ավարտին չեն հասել։

ԴԱՀԿ-ում 400 միլիոն դրամն ուղղելու են հարկադիր կատարողների պարգևատրման ֆոնդին, քանզի այդ համակարգում, ըստ նախագծի, աշխատավարձերը ցածր են. Օրինակ, հարկադիր կատարողի աշխատավարձը կազմում է 129 հազար դրամ, ավագ հարկադիր կատարողինը՝ 150 հազար։

Ինչպես հիմնավորել են ԴԱՀԿ-ից՝ 400 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդն անհրաժեշտ է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման համար, որովհետև մեկ անգամ արդեն գործարկվել է պարգևատրման ֆոնդ, ինչի հետևանքով ԴԱՀԿ աշխատողներն արձանագրել են աշխատանքի արդյունավետության դրական ցուցանիշներ։

Մասնավորապես 2022 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին պահանջատերերի օգտին բռնագանձվել է 25.333.971.774 դրամ, որը 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 48%-ով։

Նույն ժամանակահատվածում որպես կատարողական գործողությունների կատարման ծախս՝ բռնագանձվել է 1.446.175.682 դրամ (փոխանցվել է պետական բյուջե), որը 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 49%-ով։

Այդ պիլոտային ծրագրով մեկ հարկադիր կատարողի ստացած փաստացի վարձատրությունը (աշխատավարձի հետ մեկտեղ) կազմել է 615․675 ՀՀ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս