
Փաշինյանը հայտնում է, որ հարձակման պատրաստվող թշնամու դիմաց դնելու են այդ խնդիրը կատարելուն անպատրաստ մարդկանց. Կարեն Վրթանեսյան

«Մենք այս պահին ունենք ոչ թե սահման, այլ առաջնագիծ, ըստ այդմ՝ դա բանակային խնդիր է և ոչ թե՝ սահմանապահների»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ ՊՆ ստորաբաժանումները սահմանապահ զորքերով փոխարինելու մասին հայտարարությանը՝ նշեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել էր. «Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, և, որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը:
Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն են տեղակայված»:
Ի դեպ, սովորույթի համաձայն, Փաշինյանն ամփոփելով խոսքը՝ վերահաստատել էր իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:
«Հաջորդը՝ պատերազմից հետո, եթե սահմանապահները պետք է առաջնագիծը պահեին, ապա գոնե պետք է բանակի հետ ներդաշնակեցում անցնեին. պետք է բազմաթիվ զորավարժություններ լինեին, սահմանապահ զորքերի կառուցվածքը, սպառազինությունը, պատրաստությունն արմատական ձևով փոխվեին: Ոչ մի նման բան արված չէ:
Ըստ էության, Փաշինյանը հայտնում է, որ ՀՀ սահմաններին (ըստ իր իսկ խոսքերի) ագրեսիվ տրամադրված, հարձակման պատրաստվող թշնամու դիմաց դնելու են այդ խնդիրը կատարելուն անպատրաստ մարդկանց»,- հավելեց Կարեն Վրթանեսյանը:
Արդյո՞ք բանակի ներկայացուցիչներն ու պատասխանատուները, ռազմական գործիչները չեն գիտակցում և չեն զեկուցում այդ խնդիրների մասին՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ ռազմական փորձագետը նշեց. «Ես չգիտեմ՝ ինչ են մտածում ու գիտակցում Նիկոլ Փաշինյանի ընտրած ռազմական գործիչները, պատասխանատուները. ինքն է նշանակել, չէ՞, այդ բոլոր մարդկանց»: