«Ադրբեջանին տեղեկացրել ենք՝ սահմանապահ զորք ենք տեղակայելու հայկական դիրքերում՝ ՊՆ զորքի փոխարեն». Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները:
«Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց, քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ ՀՀ տարածք:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, և, որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը:
Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն են տեղակայված:
Պետք է արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել՝ որպես հերթական «բլոկբաստեր», կներեք այս բառի համար: Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ, կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով: Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է, ըստ պլանի՝ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: Մենք այս նույն առաջարկով հանդես ենք եկել Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»:
Փաշինյանն ամփոփելով խոսքը՝ դիմեց Կառավարության անդամներին և հայ ժողովրդին.
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն՝ ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում: ՀՀ-ն պատրաստ է նման աշխատանքի, և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, քե՛ Ստեփանակերտի կողմից: Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր են»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում