Իսկ եթե Խաչատուրովին կալանավորող դատավորի անունը Մեսրոպ Մակյան չլիներ, Միքայել Համբարձումյանի ՀԿ-ն կմիանա՞ր նրա ազատության պահանջին
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը, ի դեմս «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման, այսօր կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին իշխանությունները չեն կարող ներել ադրբեջանցիներին բազմաթիվ դրվագներում պարտության մատնելը, անբասիր ծառայությունը և անմնացորդ հայրենիքին նվիրվելու ձգտումը:
«Տավուշի մարզում Գրիգորի Խաչատուրովի բարձր հեղինակությունը գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ մարզի որոշ բնակավայրերի՝ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին վերադարձնելու Հայաստանի ղեկավարության պատրաստակամությունը կյանքի կոչելու գործում։ Ադրբեջանի դեմ ազատագրական պայքարի ցանկացած մասնակից, որը Ադրբեջանի օրենքներով ահաբեկիչ է համարվում և ուրեմն պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, այսօր հետապնդվում է նաև ՀՀ օրվա իշխանությունների կողմից։ Ուստի Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը զգոնության ազդակ է Ազատամարտի, 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցների, ՀՀ ԶՈՒ ցանկացած զինծառայողի համար»,- ասված էր տարածված հայտարարության մեջ, որը, ի դեպ, բաց էր միանալու համար։
Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանն էր կոչը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որին մինչ այս պահը միացել են տարբեր մարդիկ ու կազմակերպություններ: Տարօրինակ էր, բայց հայտարարությանը մինչ այս պահը չի միացել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, որը կապվում է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի անվան հետ:
«Ես ոչինչ ասել չեմ կարող այդ մասին, ես հիմա ՀԿ-ում չեմ, սակայն կարող եմ ասել, որ այնտեղ միայն ես չեմ, կա տնօրեն, կան այլ անդամներ, ես այդ հայտարարությանն անգամ ծանոթ չեմ և ոչինչ չեմ կարող ասել: Էդ ՀԿ-ում միայն հո ե՞ս չեմ, կան այլ խորհրդի անդամներ, ես ֆիզիկապես չեմ առնչվում»,- այսօր «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Միքայել Համբարձումյանը:
168.am-ի տեղեկություններով, սակայն, ԱԱԾ պահեստազորի սպաների միության՝ Գրիգորի Խաչատուրովի ազատության պահանջով կոչին չմիանալը հստակ պատճառ ունի, և այդ պատճառի անունն է Մեսրոպ Մակյան:
Մեսրոպ Մակյանն է կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, իսկ հայտնի փաստ է, համենայնդեպս, իրազեկ շրջանակների համար, որ Մեսրոպ Մակյանը և Միքայել Համբարձումյանը բավականին մտերմիկ, ժամանակին, ըստ տեղեկությունների, նաև աշխատանքային հարաբերություններ են ունեցել:
Այնպես որ, չլիներ Մեսրոպ Մակյանը Խաչատուրով կրտսերին կալանավորող դատավորը, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կլիներ հայտարարությանը միացողների թվում: