Դատախազը նույնպես ընդունեց՝ Խաչատուրովի վերաբերյալ գաղտնի քննվող դրվագներ չկան. Միհրան Պողոսյան
«Արդարադատության բաղկացուցիչ մաս է հանդիսանում գործի հանրայնությունը, ու մենք պնդում էինք, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լինի: Դրա հետ կապված՝ նաև իրավական մի շարք հիմնավորումներ ներկայացրեցինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումներն անցկացնել դռնփակ ռեժիմով: Միջնորդություն էինք ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու:
Դատարանը մերժեց՝ միմիայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազությունն այս գործին տվել է գաղնիության շղարշ: Բայց շատ կարևոր հանգամանք էր, որ դատական նիստին մեղադրող դատախազը նույնպես ընդունեց, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ դրվագներում գաղտնի ապացույցներ, փաստական տվյալներ չկան»,- այսօր Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դռնփակ դատալսումներից հետո ասաց նրա պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը:
Ըստ նրա՝ քանի որ այս գործով մի քանի գաղտնի վարույթներ միացված են իրար, այդ պատճառով էլ դատարանը որոշել է նիստը իրենց մասով դռնփակ անցկացնել, ինչը, սակայն, պաշտպանները գնահատում են որպես Գրիգորի Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում:
«Դատարանը մեզ առաջարկեց, որպեսզի պետական գաղտնիքի չբացահայտման ստորագրություն տանք: Մենք պնդեցինք, որ մեզ ներկայացվի՝ որն է հանդիսանում պետական գաղտնիք: Դատարանը չկարողացավ դա անել, և պաշտպաններից ու մասնակիցներից շատերը հրաժարվեցին ստորագրել այդ տեղեկատվական թերթիկը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Պաշտպանը վստահեցրեց՝ Գրիգորի Խաչատուրովն ընկճված չէ, տրամադրված է մարտական:
Մանրամասները՝ տեսանյութում: