«Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են:

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է.

Կարդացեք նաև

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը՝ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ  Ադրբեջանը ոչ միայն չի՛ կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը՝ ԼՂ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով:

2054 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը:

Ադրբեջանը սա բացատրում է, իբր թե, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով: Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց, եթե միայն այսպես լիներ, գուցե խնդիրն արժանի չլիներ հատուկ ուշադրության»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմությունը ստեղծելն է.

«Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Այս փաստը ստուգելու համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը հիշեցնեմ, որ Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, բայց այդ առաջարկն ուժի մեջ է, և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա, և դրա միջոցը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ գործուղելն է:

Իսկ, որ Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ պաշտպանության բանակ, հանրահայտ փաստ է: Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու  ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում: Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս