Հայաստանում դատավորները չեն իրականացնում արդարադատություն, ով ասես, կայացնում է դատական ակտ, բացի դատավորներից. Ռուբեն Վարդազարյան
«Ցավում եմ, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտի տարեկան զեկույցի էջերում եմ հայտնվել: Բացարձակ չէի ուզենա: Նման զեկույցները վնասում են ՀՀ-ին, և շատ լավ կլիներ, որ նման զեկույց չլիներ, կամ այն ավելի մեղմ լիներ»,- 168.am–ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի զեկույցին, որում, ի թիվս այլ խնդիրների, մատնանշված էին նաև ՀՀ-ում դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրված ճնշումները հենց իր՝ Ռուբեն Վարդազարյանի օրինակով:
Վերջինս մանրամասն ներկայացրեց Պետդեպի զեկույցում տեղ գտած նշված դեպքերի մանրամասն ժամանակագրությունը՝ սկսած իր՝ պատերազմից հետո դատավորներին ուղղված կոչից, Ազգային ժողովում (ԱԺ) տեղի ունեցած հարցուպատասխանի բովանդակությունից, իրեն կառավարող խմբակցության կողմից թիրախավորելուց, ԲԴԽ նախագահի նախկին ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի պահանջից, իր նկատմամբ հարուցված քրեական գործից, «Դատական օրենսգրքի»՝ նպատակային փոփոխություններից, իր լիազորությունների՝ ապօրինի կասեցումից մինչև դադարեցում:
«Հիմա ԱՄՆ Պետդեպի զեկույցն է ասում, որ սա ճնշում է դատական իշխանության վրա: Այս ժամանակագրությունն ու Պետդեպի զեկույցը հաշվի առնելով՝ ընդամենը Գլխավոր դատախազությունը պետք է ցուցում տա իր դատախազին, ով պիտի գա ու ասի, որ հրաժարվում է մեղադրանքից, որպեսզի այդ խարանը չմնա ՀՀ-ի վրա: Ապրիլի 10-ին հերթական դատական նիստն է, կտեսնենք, կանե՞ն, այդ քայլին կդիմե՞ն… Վստահ եմ, որ չեն անի, որովհետև միևնույն է, քաղաքական պատվերը դեռ կա: Հենց դա վերանա, կվերանա նաև այս պրոցեսը»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի կողմից պարբերաբար քաղաքական հայտարարություններ անելուն ու 2008թ. Մարտի 1-ի ողբերգության թեման շահարկելուն՝ Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ չի կարելի այդ թեմայով խոսել, դա կարող է կարգապահական վարույթի թեմա դառնալ, որովհետև չի կարող ԲԴԽ նախագահը կամ որևէ այլ դատավոր կարծիք հայտնել Մարտի 1-ի՝ քննվող գործի մասին:
«Բայց սրանում Կարեն Անդրեասյանը չի մեղավոր, այլ նրան ընտրողները: Նրանք պետք է ասեին, որ չի կարելի դատական իշխանությունը քաղաքականացնել»,- ասաց նա:
Խոսելով ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի այն հայտարարության մասին, որ ԲԴԽ-ում կա բացարձակ կոնսենսուս, և որ բոլոր որոշումները կայացվում են միաձայն, ԲԴԽ նախկին նախագահն ասաց՝ դա շատ վատ է:
«Վատ է, որ ԲԴԽ-ում այլ կարծիք չի ընդունվում, և բոլոր որոշումները կայացվում են միաձայն: Դա հպարտանալու բան չէ, այլ ողբերգության նման մի բան, որ բոլորը ենթարկվում են Կարեն Անդրեասյանի կարծիքին: Չեմ կարող ապացուցել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այլ կարծիք ԲԴԽ-ում նույնիսկ չի քննարկվում: Իմ ժամանակ խորհրդակցական սենյակում պատերազմ էր, վիճում էին, նեղանում, բանավիճում, հատուկ կարծիք էր գրվում կամ չէր գրվում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Անդրադառնալով դատավորների անկախությանը՝ ԲԴԽ նախկին նախագահը նկատեց՝ երբ դատավորին ազատ ես թողնում, նա սկսում է գործել իր իրավագիտակցության սահմաններում և օրենքով:
«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ դատավորը չի փորձում ամեն ինչ անել օրենքով: Իրենք շատ լավ օրենքը գիտեն: Բայց նրանք հիմա դատական ակտեր են կայացնում՝ հետևյալ սկզբունքից ելնելով՝ այնպիսի դատական ակտ կայացնեմ, որ իմ հետևից ԲԴԽ-ն ու քաղաքական իշխանությունը չընկնեն: Եթե առաջ դատավորին ասել էր պետք, հիմա դատավորը լռելյայն գիտի՝ ինչ պետք է անի: Սա համակարգի հերն անիծել է նշանակում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Անդրադառնալով դատավորների ծանրաբեռնվածության համակարգային խնդրին՝ ԲԴԽ նախկին նախագահը մի արձանագրում արեց առ այն, որ դատավորը, ով տարեկան ընդհանուր առմամբ մոտ 6000 գործ է քննում, ֆիզիկապես ի վիճակի չէ օրական 100 գործ քննել ու ակտ գրել:
«Հետևաբար դատավորները չեն կարդում իրենց կողմից կայացված դատական ակտերը: Այդ ժամանակն ընդամենը հերիքում է ստորագրել-կնքելու համար: Այսինքն՝ դատավորները չեն Հայաստանում իրականացնում արդարադատություն: Ով ասես, կայացնում է դատական ակտ, բացի դատավորներից: Լիազորություն, իրավասություն չունեցող անձանց կողմից են կայացվում ակտերը»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: