Միասնական գին երբեք չի եղել. վարորդները զարմացած են հեղուկ գազի գնից
Հեղուկ գազի գինն ամենուր 120 դրամ է դարձել, ինչը զարմացրել է վարորդներին:
«Միասնական գին երբեք չի եղել: Տատանվում էր 80-130 դրամի սահմաններում: Չգիտեմ, գուցե հսկողությունը խստացել է, խաբելը դժվարացել, այդ պատճառով էլ բոլորը եկել են, մեկ ընդհանուր գին են նշել: Կամ էլ բոլորը որոշել են նույն չափով խաբել»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Ոչ մի հսկողություն չի խստացվել: Երևի ավելի շուտ փորձում են խաբել, որովհետև ոնց 42 լիտրանոց բալոնի մեջ 45 լիտր կլցվի: Բայց, երբ դժգոհում ես, բոլորը դառնում են ֆիզիկոս ու փորձում ապացուցել, որ խտացել է: Հեղուկ գազի լցակայաններում համատարած խաբեություն է, տեղ կա՝ ՀԴՄ կտրոն չեն տալիս, որովհետև ասում են՝ սարքը չի աշխատում»,- դժգոհեց մեկ այլ վարորդ:
Պարզվեց՝ վարորդներից շատերն օգտվում են և՛ հեղուկ գազից, և՛ բենզին են լցնում:
«Օգտագործում եմ բենզին, երբեմն՝ նաև հեղուկ գազ: Էժան է հեղուկ գազը, ու մեծամասնությունը դա է գերադասում: Հեղուկ գազն իջել էր մինչև 90 դրամ, հետո դարձավ 120: Բայց չեմ կարծում, որ այսքան էժան թողնեն մնա, կթանկացնեն: Ի դեպ, նվազել է նաև սեղմված գազի գինը: Տեղ կա՝ 360 դրամից իջել է 340-ի: Հանդիպում է նաև 200-250 դրամով: Օրերս Գյումրիում էի, սեղմված գազի գինը 280-300 դրամ էր»,- հավելեց տաքսու վարորդը:
Զրուցեցինք նաև գազալցակայաններում աշխատողների հետ: Նրանք, ովքեր գազը վերցրել են Ռուսաստանից՝ ասացին, որ միշտ եղել է 120 դրամ: Հիմա շուկայում կա նաև պարսկական գազ, և գուցե հիմա ավելի շատ շուկայում ռուսական գազն է, ու գնի նվազում է եղել: Իսկ, երբ կրկին ակտիվանա պարսկական գազը, ապա կլինի գնի բարձրացում:
Նշենք, որ մարտի 28-ին հեղուկ գազը գազաբենզալցակայաններում արժե 120 դրամ, փետրվարին էլ արժեր 120 դրամ: