Բաժիններ՝

Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են, մեղքը քաղաքապետարանինն է

168.am-ը նամակ էր ստացել քաղաքացի Ջեմս Ստեփանյանից, որ պարեկներն իրեն անհիմն տուգանել են:

«Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին: Մեքենան վարելիս այն կայանեցի Սայաթ-Նովա փողոցի «Արցախ» բանկի դիմաց գտնվող փոքր հրապարակում, որը գտնվում է բանուկ մայթից հեռու, խորքային մասում. 15 մետր հեռու, հրապարակը նախատեսված է բանկի աշխատակիցների և հաճախորդների համար, ուստիև բանկի աշխատակից ոստիկանին տեղյակ պահեցի, որ 2 րոպեով ներս եմ մտնում փող մանրելու, նա, իհարկե, չառակեց: Երբ 1 րոպե հետո դուրս եկա՝ ինձ վրա հարձակվեց պարեկային ծառայության ոստիկանը և հոխորտաց, որ կանգնել եմ մայթին: Ես հակադրվեցի՝ ասելով, որ իմ կանգնած տեղը մայթ չէ, մայթից հեռու է մոտ 15 մետր, իսկ նա շարունակեց իրենը պնդել ու իրեն տրամադրված սարքը գործի գցելով՝ ինձ մեկնեց տուգանքի կտրոնը: Առարկեցի և ստիպեցի, որ պետավտոտեսուչ հրավիրի, չհրավիրեց՝ պարծենալով, որ ինքն ամեն ինչ է: Եթե իրոք մեքենան կանգնեցրած լինեի մայթին, ապա 1 րոպե կանգնելը պետք է ներվեր, քանի որ տարիքս 88 է, նա պետք է ինձ զգուշացներ, քանի որ իրենց տրված հիմնական ֆունկցիան է: 88 տարեկան ահելին խրախուսում են մեքենա վարելու համար, այլ ոչ թե պատժում, նամանավանդ, որ 40 տարի իր նման երիտասարդների եմ բուժել՝ լինելով բժիշկ: Կողքիս կանգնած էր 4 այլ մեքենա, որոնցից ոչ մեկը չտուգանվեց»,- գրել է քաղաքացին:

Քաղաքացի Ստեփանյանի նկարագրած դեպքը ներկայացրեցինք Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատուրովին, նա մեզ հետ զրույցում նախ ասաց, որ շատ են նմանատիպ հարցով դժգոհությունները, ապա նշեց՝ այս դեպքում սխալը պարեկային ծառայության աշխատակիցներինն է:

«Այդտեղ մայթ է եղել, ժամանակի ընթացքում եզրակալը (բորդյուր) հանել են, թեքահարթակը բարձրացրել են, որ մեքենաներն անցնեն:

Կարդացեք նաև

Մեքենաներն այդտեղով անցնում, գնում են հետնամասում գտնվող շենքերի բակեր: Խնդիր այնքան էլ չի առաջանում: Բայց, քանի որ թույլ են տվել մեքենաներ անցնեն, եզրակալը հավասարեցվել է, մայթից այն վերածվել է մերձակա տարածքի: Մայթը ճանապարհից մակարդակներով տարբերվող ու հետիոտների անցման համար նախատեսված ինժեներական կառույց է, հիմա մակարդակով դրանք հավասարեցվել են իրար ու թույլատրվել է, որ մարդկանցից բացի, մեքենաներ անցնեն: Ու այս գործողության արդյունքում մայթ հասկացությունը վերացել և դարձել է մերձակա տարածք: Հիմա, եթե ոստիկանն ուզում է, որ մեքենա չկայանեն, պետք է բորդյուր լինի, սակայն, եթե բացել են, ու մեքենաները գնում են բակ, հարց է առաջանում՝ եթե անցնել թույլատրվում է, կայանել ինչո՞ւ չի թույլատրվում: Այստեղ մեղքը քաղաքապետարանինն է, որը թույլ է տվել այնպիսի շինարարական աշխատանքներ կատարել, որ մայթը վերանա,դառնա երկակի օգտագործման»,- նշեց վարորդների իրավունքների պաշտպանը՝ ընդգծելով, որ այս դեպքում պարեկը սխալ է:

«Դարձել է վիճելի տարածք: Կամ պետք է չտուգանի, կամ բերեն՝ արգելապատնեշներ դնեն: Պարեկներին որ հարցնում ենք, ասում են, թե միայն միջանցիկ երթևեկություն է թույլատրվում, այսինքն, գնա բակ, արի, բայց մի կանգնի»,-փոխանցեց Արտակ Խաչատուրովը:

Տեսանյութեր

Լրահոս