Թբիլիսիում տեղի են ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թբիլիսիում տեղի են ունեցել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Մարտի 23-ին Թբիլիսիում՝ Գ. Լեոնիձեի անվան գրականության թանգարանում բացվել է «Թումանյանը և Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 13-ը: Ցուցադրությունը ներկայացնում է թիֆլիսյան կյանքի թումանյանական ընկալումները՝ մարդկային հարաբերություններից մինչև գրական պոռթկումներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության և իր անունից ողջունել է ներկաներին Գեորգի Լիոնիձեի անվան գրականության պետական թանգարանի հյուրընկալ հարկի ներքո:
«Այս երեկո հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու հանճարեղ բանաստեղծ, հայ և վրաց ժողովուրդների անմնացորդ նվիրյալ, մեծ մարդասեր Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի առիթով: Այս վայրի ընտրությունը, թերևս, պատահական չէ, քանի որ այս թանգարանի արխիվներում վստահաբար պահպանվում է հարուստ գրական մի ժառանգություն, որի հեղինակներից շատերը Հովհաննես Թումանյանի երբեմնի մտերիմ գրչակից ընկերներն են եղել: Նրանց փոխադարձ ջերմ զգացումների, խոհերի ու զրույցների մասին վկայությունները բազմաթիվ են թե՛ նամակագրության, թե՛ հուշերի նոթագրումների էջերին»,- նշել է նախարարի տեղակալն ու հավելել՝ լինելով խորապես ազգային բանաստեղծ՝ Թումանյանը բացառիկ սիրով է լցված եղել դեպի Վրաստանը, նրա ժողովուրդն ու մշակույթը:
Ալֆրեդ Քոչարյանի դիտարկմամբ՝ հասարակական-քաղաքական ամենաբարդ ժամանակաշրջաններում անգամ Թումանյանն իր ձայնը բարձրացրել է հանուն սթափ դատողության, որոշումների ճիշտ կայացման և խաղաղ համակեցության՝ ցուցաբերելով ազնիվ գործչի իր բացառիկ հոգածությունը բոլորի նկատմամբ: Եվ ինչպես Թումանյանի մասին գրելիս ձևակերպում է Գեորգի Լիոնիձեն՝ մեծ բանաստեղծները պատկանում են բոլոր ժողովուրդներին:
«Այսօր էլ մեր աչքի առաջ ունենալով մշակութային խոշոր գործիչների մեծ ջանքն ու թողած պատմական ժառանգությունը, փոխադարձ ջերմ զգացումներով լցված կապը հարևան ժողովրդի հանդեպ՝ լիահույս ենք, որ մշակութային կամուրջներն է՛լ ավելի ամուր են լինելու, և գործելու ենք ի նպաստ միմյանց պատշաճ գնահատման և արժևորման: Հավերժ հիշատակ ժողովուրդների՝ հաշտ ու խաղաղ համակեցության պատգամաբեր Թումանյանի լուսավոր անվանը»,- եզրափակել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ցուցահանդեսին ներկա է եղել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Իրակլի Գիվիաշվիլին, որը ևս հանդես է եկել ելույթով:
Միջոցառումների շրջանակում՝ մարտի 24-ին, Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել հիշատակի համերգ․ ելույթ է ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության համադրությամբ: