Բաժիններ՝

Սունակը և Նեթանյահուն չեղարկել են լրագրողների հետ հանդիպումը Լոնդոնում բողոքի ակցիայի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր նստավայրի առջև դիմավորել է Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուին:

Իսրայելում Նեթանյահուի կառավարության ձեռնարկած դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը հասել են նաև Լոնդոն. Դաունինգ Սթրիթում հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:

Ցուցարարները վանկարկել են «ամոթ», «դավաճան» բառերը, մինչ Իսրայելի վարչապետը մոտեցել է Բրիտանիայի վարչապետի նստավայրի աստիճաններին:

Ըստ պարբերականի՝ Նեթանյահուն և Սունակը բողոքի ակցիայի պատճառով չեղարկել են լրագրողների առաջ իրենց նախատեսած համատեղ հայտարարությունը, ինչպես նաև լուսանկարման արարողությունը:

Հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Նեթահյահուն շեշտել է Իրանի զսպման քաղաքականությունն ուժեղացնելու և Թեհրանի վրա ճնշում գործադրելու կարևորությունը, որպեսզի վերջինս դադարեցնի իր միջուկային ծրագիրը: Կողմերը նաև քննարկել են անվտանգության, հետախուզության և տնտեսության բնագավառում ռազմավարական համագործակցությունը խորացնելու հարցերը:

Բենյամին Նեթանյահուն երեկ պաշտպանել է դատական բարեփոխումների նախագիծը և հայտարարել, որ հաջորդ շաբաթ Քնեսեթն այն կընդունի:

Իսրայելում դժգոհության առիթ է դարձել կառավարության առաջարկած դատական բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում գործադիր իշխանության ճյուղին:

Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս