Ադրբեջանը տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ տուժողներ չեն եղել, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:

«Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:

Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար:

ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:

Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս