
Ավազակություն կատարած երեք երիտասարդն էլ հայտնաբերվել և ձերբակալվել են

Մարտի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն էր մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:
Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին էր տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը:
Երիտասարդը ներկայացվել էր նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արաբկիրի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մարտի 23-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել բյուրեղավանցի 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը: Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է: