Աննախադեպ տեղեկատվական գրոհ Ադրբեջանի կողմից. Ո՞րն է Իրանի դերը, և որքանո՞վ է մեծ ռեգիոնալ պատերազմի վտանգը
Վերջին օրերին տարածաշրջանային քաղաքական կաթսան եռում է. Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որին առավելապես արձագանքում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ պաշտոնական խողովակներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքների միջոցով:
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորումից և երեք ոստիկանի սպանությունից հետո Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախյան շփման գծում կրակահերթերով և ապատեղեկատվության աննախադեպ ծավալով: Հատկապես վերջին տասնօրյակի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, զուգահեռաբար տարածելով ապատեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանագոտում:
Այս շրջանի ապատեղեկատվության առանցքային հիմնասյուներից է Հայաստանից դեպի Արցախ տեղափոխվող սպառազինության թեման, ինչը Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հերքել են: Ապատեղեկատվությունից ու թիրախավորումից զերծ չեն մնում նաև խաղաղապահներն Արցախում ու ռուս զինծառայողները՝ ՀՀ-ում:
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 13-ին հերթական ապատեղեկատվությունն են տարածել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել: Իսկ, ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մարտի 21-ին մոլորված հայ զինծառայողի որոնողական աշխատանքների շրջանակում ռուսական զինուժն ընկել էր ադրբեջանական թիրախավորված կրակի տակ, նախազգուշական կրակոցներ չէին եղել, և ըստ նույն աղբյուրների՝ ադրբեջանական կողմի թիրախավորման արդյունքում ռուս զինծառայողները վիրավորում են ստացել գլխի շրջանում: Ապատեղեկատվությունն Ադրբեջանից այս օրերին կրում է ամենօրյա բնույթ, նույնիսկ մեդիա փորձագետներն են խորհուրդ տալիս այս օրերին ավելի ուշադիր լինել՝ չտրվել Ադրբեջանի կողմից ուղղորդվող տեղեկատվությանը:
ՀՀ ԱԳՆ-ն օրերս հաղորդագրություն տարածեց՝ ընդգծելով.
«ՀՀ արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում»: Սրան զուգահեռ՝ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում իրանական աղբյուրները, որոնք ադրբեջանական տեղեկատվական սադրանքների ֆոնին սպառնալիքներ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, այդ գործում հատկապես ակտիվ են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքները:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը նախօրեին տելեգրամյան իր ալիքում գրել էր, որ «հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցիացվող իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին:
Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր»։
Հատկանշական է, որ այս օրերին Հայաստանում է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին, ով նշել է, թե հայաստանյան հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ընդգծվեց, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Մարտի 20-ին ու 21-ին կայացել են Փաշինյան-Բլինքեն, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներ, որոնց ընթացքում քննարկվել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու կողմերի բանակցություններին, ինչպես նաև Լաչինի միջանցքը բացելու հերթական կոչն է ուղղվել Ադրբեջանի նախագահին:
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում փորձեց բացատրել, թե այս փուլում ինչ նպատակ ունի Ադրբեջանի ծավալած արշավը, և ինչ զարգացումներ սպասել առաջիկայում:
Նրա խոսքով, իրավիճակը չափազանց պարզ է, որի մասին խոսում է Ադրբեջանի նախագահը՝ պարտադրվում է, որ Հայաստանը բոլոր ուղղություններով ընդունի Ադրբեջանի պայմանները և ստորագրվի Խաղաղության պայմանագիրը՝ այն տարբերակով, ինչ Ադրբեջանն է առաջարկում: «Խաղաղության համաձայնագրի տարբերակներով փոխանակվելը կարող է անվերջ շարունակվել, իսկ Ադրբեջանը ցանկանում է իր տարբերակի անվերապահ ընդունում ու ստորագրում: Սովորաբար լայնածավալ պատերազմներին նման մեծ տեղեկատվական արշավներ չեն նախորդում, սահմանային սադրանքներ, փոքր միջադեպեր, ինչպես հասկանում ենք, տեղի ունենում են այս արշավին զուգահեռ, բայց լայնածավալ պատերազմի հավանականությունն այս իրավիճակում քիչ եմ համարում»,- նման կարծիք հայտնեց ռուս արևելագետը:
Նրա գնահատմամբ՝ իրանական ոչ պաշտոնական սպառնալիքները, որոնք Ադրբեջանին իսկապես անհանգստացնում են, ուղղված են Ադրբեջանի զսպմանը: Ըստ նրա՝ սրա պատճառը նաև այն քաղաքականությունն է, որը տանում է Ադրբեջանն Իրանի դեմ:
«Այս խնդիրն Իրանը չի սկսել, այլ Ադրբեջանը: Իրանը մեկուկես տարի զսպվածություն դրսևորեց, հստակորեն հասկանալով, թե որտեղից է գալիս Ադրբեջանի՝ Իրանի դեմ ուղղորդումը, և Ադրբեջանին զսպելու համար Իրանը նոր մարտավարություն է որդեգրել, ինչը սպասելի էր, քանի որ լարվածությունը մեծանում է: Վերջին շրջանում Ադրբեջանի շանտաժը ուղիղ կերպով հասել է նաև ռեգիոնում ռուսական կոնտինգենտին, որին ՌԴ-ն պետք է հավուր պատշաճի արձագանքի, այլապես այս գիծը շարունակվելու է՝ թիրախավորելով ՌԴ զինծառայողներին, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:
Իր հերթին՝ իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանը ռեգիոնալ իրադարձություններին անդրադառնում է ըստ անհրաժեշտության: Ըստ նրա, Իրանը հանդես է գալիս ռեգիոնում բանակցությունների ու ոչ պատերազմական տրամադրությունների գեներացման օգտին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցային տարբերակով տարածքային ամբողջականության շրջանակում:
«Այս գիծն է պաշտպանում Իրանը: Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածությունն ունի երկու տարվա պատմություն, և Իրանը մշտապես առաջնորդվել է դիվանագիտական միջոցներով: Սակայն, երբ այդ դիվանագիտական միջոցառումները, բանակցությունները, բացատրությունները չեն թուլացնում լարվածությունը, միանում է ուժի ու ճնշումների գործոնը, ինչը նախընտրելի չէ, բայց երբ պահը հասունանում է, անհրաժեշտություն է սեփական անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ ռեգիոնալ իրադարձություններն այնքան են խտացել, ՌԴ-ն իր ազդեցության գոտում ավելի պասիվ դիրքորոշում է որդեգրել՝ Իրանին տալով հնարավորություն ավելի մեծացնել ազդեցությունը և կարգավորել որոշ հարցեր:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իրանը դրան ձգտում էր, իսկ ներկայումս ունի հնարավորություն իսկապես իրեն դրսևորելու տարածաշրջանի այս կողմում, ինչը փորձում է անել: Բայց ներկայումս տեղի ունեցողը այն ողջ գործիքակազմը չէ, ինչ Իրանն ունի: Ոչ պաշտոնական տեղեկատվական հարթակներն իրականում միայն փոխանցում են որոշ շրջանակների տրամադրությունը, իսկ քաղաքական որոշումները շատ ավելի ազդեցիկ ու որոշիչ կարող են լինել: Այսօր Իրանն ավելի արմատական է հանդես գալիս, քան մեկ տարի առաջ, պատրաստ զսպելու ոտնձգությունները»,- ասաց նա: