«Ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության համար լրջագույն գործունեություն». «Մի կյանքից ավելի» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյան
Պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն. «Մի կյանքից ավելի»՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հեղինակած գիրքն է, բացառիկ մանրամասներ հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ, պրոֆեսիոնալ ջութակահար Արմեն Սարգսյանի կյանքից:
«Գիրքն այն մասին է, թե ինչպես էին ամենահասարակ մարդիկ ոչ թե PR-ի, այլ պետության անվտանգության ապահովման համար ամենատարբեր ուղղություններով ծավալում լրջագույն գործունեություն։ Այդ մարդիկ Սովետական Հայաստանի հատուկ ծառայություններում, դրանից հետո՝ անկախ Հայաստանում՝ պաշտպանության նախարարությունում, ԱԳՆ-ում իրենց կյանքն ու գործունեությունն ամբողջությամբ, անմնացորդ, իրական գործի համար նվիրում էին իրենց պետությանը։ Գրքի ամենակարևոր մեսիջը հենց դա է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը։
Ինչպես բացահայտվեց արաբական երկրներից մեկի հատուկ գործակալը Հայաստանում, ինչպես է հայ գնդապետը Վատիկանում սեփական նախաձեռնությամբ հանդիպում Հռոմի պապի հետ և հայկական կոնյակ նվիրում, ինչպես կազմակերպվեց Մոնթե Մելքոնյանի գաղտնի տեղափոխությունը Հայաստան. Արմեն Սարգսյանի կյանքի այս և այլ դրվագներ են ամփոփված «Նյումեգ»-ի հրապարակած գրքում:
Առաջին ու Երրորդ նախագահները ևս իրենց ներդրումն են ունեցել գրքում ներառված տեղեկությունները համալրելու գործում:
Հեղինակն ու հյուրերը նշեցին, որ հատկապես այս օրերին գիրքը կարող է շատերի համար դասագիրք լինել:
Արմեն Սարգսյանը ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում, 1991-1994 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչությունում: Եղել է Չինաստանում Հայաստանի ռազմական կցորդ, ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ, ՀՀ դեսպան Չինաստանում, Կորեայում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։
Արմեն Սարգսյանը մահացել է 2022թ. ապրիլի 29-ին։
Մանրամասները՝ տեսանյութում