Կարեն Անդրեասյանի՝ քրեականներով նայողը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ. Գրիգորի Խաչատուրովի կալանքի գինը

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը երեկ կալանավորեց Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, ավելի շուտ՝ բավարարեց դատախազության բողոքը ստորադաս ատյանի կայացրած որոշման դեմ: Մեսրոպ Մակյանը համարել է, որ ազատության մեջ Գրիգորի Խաչատուրովը կխոչընդոտի քննությանը:

Ի դեպ, Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում իբր փողերի լվացման մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Երեկ շատերը վրդովվեցին Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած այս ակտի առնչությամբ, շատերը հիշեցին՝ ով էր Մակյանը հեղափոխությունից հետո, ոմանք էլ՝ ով էր Մակյանը և ում հետ էր հանդիպում բոլոր այն ժամանակաշրջաններում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սասանվում էր, ու թվում էր՝ ուր որ է կլինի իշխանափոխություն:

Կարդացեք նաև

Բայց Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանության գլխին է, իսկ Մեսրոպ Մակյանն էլ, լինելով ճարպիկ մարդ, արագ կողմնորոշվեց ժամանակի և իրադրության մեջ:

Նախ Մակյանը դարձավ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ առաջիկայում կդառնա արդեն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ: Համենայն դեպս, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ հենց այդպես է նրան ամենուր ներկայացնում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Մեր տեղեկություններով՝ նաև օրենքում են ցանկանում փոփոխություն անել, որ դա օր առաջ տեղի ունենա: Եթե օրենքով 2024թ. հունվարից պետք է Վերաքննիչ կոռուպցիոն դատարանն առանձնանար, բայց օրենքի փոփոխությամբ դա տեղի կունենա արդեն այս տարվա ապրիլին, և Մեսրոպ Մակյանը կդառնա Կարեն Անդրեասյանի սրտի Հակակոռուպցիոն դատարանի նախագահը:

Բացի դրանից, Մեսրոպ Մակյանը նաև ԲԴԽ-ում Սերգեյ Չիչոյանի մոտ որպես օգնական աշխատող իր որդու ապագայի հետ կապված հարցերն է արդեն լուծել: Նրա որդին կդառնա դատավոր:

Բայց ամենակարևորը՝ Մեսրոպ Մակյանը վայելում է Կարեն Անդրեասյանի բարձր հովանին: Համենայն դեպս, հենց նրան է ԲԴԽ նախագահը նշանակել ՀՀ բոլոր դատարանների քրեական գործերը կուրացիա անող «նայող»: Նրան, ի դեպ, համակարգում հենց այդպես էլ անվանում են «Կարեն Անդրեասյանի՝ քրեականներով նայողը»:

Ինչպես ասում են, բարի վայելում, բայց Մեսրոպ Մակյանը լավ կանի՝ հիշի՝ միշտ այսօրվա վաղը կա:

Տեսանյութեր

Լրահոս