Վերաքննիչ քրեական դատարանում խմորվում է «Կալանքի տակ պահել Դավիթ Համբարձումյանին» օպերացիան
Մասիսի ընտրված քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպանական թիմի անդամ Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է «datalex-ում»:
Վերջինս նաև հավելել էր՝ «ըստ court.am-ի՝ դատավոր Սևակ Համբարձումյանն այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»։

168.am-ի հետ զրույցում Գայանե Պապոյանն ասաց՝ ըստ կարգավորումների՝ երբ դատական կազմի 3-րդ դատավորի տեղը թափուր է, 3-րդ դատավորին նշանակում է դատարանի նախագահը, տվյալ դեպքում՝ Վաչե Մարգարյանը:
Պաշտպանը նաև նկատեց՝ ըստ Դատական իշխանության պաշտոնական կայքի՝ Սևակ Համբարձումյանն արձակուրդում է լինելու մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:
«Բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու համար 10-օրյա ժամկետ է նախատեսված: Այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին: Ես չեմ բացառում, որ կարող են Սևակ Համբարձումյանի արձակուրդի փոփոխություն անել: Եթե բողոքը վարույթ ընդունեն, 20 օրվա ընթացքում 1-ին նիստի օր պետք է նշանակվի, և այդ ժամանակ պարտադիր առաջնահերթության կարգով պետք է քննվի Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքի հարցը»,- ասաց Գայանե Պապոյանը:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Սևակ Համբարձումյանը երկրում չէ: Հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ են հորինելու Դավիթ Համբարձումյանին կալանքի տակ պահելու համար: Փաստացի Վերաքննիչ քրեական դատարանում խմորվում է «Կալանքի տակ պահել Դավիթ Համբարձումյանին» օպերացիան:
