
44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Խոմով-Սարգսյանը կդառնար 22 տարեկան

Երեկ 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Խոմով-Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր, հերոսը կդառնար 22 տարեկան: Այդ կապակցությամբ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին զոհված զինծառայողի հարազատները, ընկերները, հրամանատարը, 44-օրյա պատերազմի զոհերի տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Աշոտը ծնվել էր Ռուսաստանի Դաշնությունում, 3 տարեկան էր, երբ հոր՝ Միհրանի հետ, տեղափոխվել էր Հայաստան: Աշոտի հոր մոտ ծանր հիվանդություն էր հայտնաբերվել և սեփական մահը զգալով՝ քրոջը՝ Լուսինեին, հարցրել է՝ «կպահե՞ս Աշոտիս…»: Դրանից կարճ ժամանակ անց Աշոտի հայրը մահացել է:
Տիկին Լուսինեն 2 տղա ունի, եղբոր մահից հետո Աշոտը դարձել էր նրա 3-րդ որդին: «Տղաներից ոչ մեկն իրենց մորը՝ տիկին Լուսինեին, մամա չեն ասել, որ Աշոտը հանկարծ չնեղվի: Աշոտի նման են դիմել իրենց մորը՝ տոտ»,- հուշ-երեկոյի ընթացքում պատմեց ներկաներից մեկը։
Աշոտ Խոմով-Սարգսյանը զորակոչվել էր 2019 թվականին, ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Ջրականում (Ջաբրայիլ): 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին կռվել է Ջրականում, Հադրութում, Կարմիր շուկայում, Վարանդայում: Ցուցաբերած արիության համար Աշոտին հենց մարտի դաշտում լեյտենանտի կոչում էին շնորհել: Աշոտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Նրան հուղարկավորել են Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի գերեզմանոցում: