Զինված ուժերում դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ կներդրվի
Զինված ուժերում դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ կներդրվի, որն ավելի կարգապահ է դարձնելու բանակը, ինչպես նաև կխստացվեն որոշ հարցեր, դրա վերաբերյալ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենսդրական փաթեթ։ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրները խորքային են՝ մի մասը բանակ է տեղափոխվել հասարակությունից, մյուս մասն էլ անմիջականորեն կապված են բանակի հետ։
«Խոսքը սպայակազմի պատրաստվածության, թվաքանակի, սերժանտական համակարգի գոյության կամ չգոյության մասին է։ Այս ամենով պաշտպանության նախարարությունն ինտենսիվ զբաղվում է։ Մենք ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը մեզ թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել։ Սկսում ենք դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի, ինչպես նաև խստացվում են որոշ հարցեր, որոնք առաջիկայում օրենսդրական փաթեթով ներկայացված է լինելու։ Սա բխում է մեր պետության շահերից և մարտահրավերներից և խնդրելու եմ այդ փաթեթին վերաբերվել բավականին լուրջ»,– ասաց Պապիկյանը։